Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՄԱՆԱԿՎԱԾ ՕՂԻՆԵՐԸ` ԿՐԿԻՆ ՇՈւԿԱՅՈՒՄ

Տնտեսություն


Հայաստանում կարծես սովորական է դարձել ներմուծվող տարբեր ապրանքանիշների նմանակների առկայությունը:


Ամանորի շեմին Երեւանի խանութներում վաճառքի հանվեցին ռուսական եւ ուկրաինական ճանաչված մի շարք օղիների այսպես կոչված նմանակները:


Միեւնույն ցուցափեղկի վրա այսօր էլ կարելի է տեսնել, ասենք` «Խորտիցա» եւ «Խլոպցի» օղիները, որոնց շշերը, խցանները եւ պարբերանշանները շատ են նման միմյանց: Ի դեպ, ուկրաինական «Իմեջ գրուպ» ընկերության արտադրության «Խորտիցան» վաճառվում է 1700-2000 դրամի, իսկ «Խլոպցին», որը արտադրում է «Սալեքս գրուպ» ընկերությունը` ընդամենը 600-700 դրամի սահմաններում:


Երեւանի խանութներից մեկում «Ա1+»-ին հայտնեցին, որ այս իրողությունն արդեն սովորական է դարձել, նաեւ տեղեկացրին, որ մոտ ապագայում վաճառասեղաններին կհայտնվեն նաեւ ճանաչում ունեցող մի շարք այլ օղիների նմանակները:


Խանութի վաճառողուհիները նշեցին նաեւ, որ նմանակված օղիները մեծ պահանջարկ ունեն, ինչի պատճառը քաղաքացիների տեղեկացված չլինելն է: Իսկապես, ամանորյա տոներին խոսակցություններին էին շրջանառվում, իբր ռուսական եւ ուկրաինական օղիները էժանացել են:


Ինչ վերաբերվում է օղիների որակին, ապա շփոթության արդյունքում նմանակված օղի գնած բնակիչներից շատերը անմիջապես նկատել են դրա ցածրորակ լինելը:


ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո խոսնակ Արմինե Ուդումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչ օրս օղի արտադրող ընկերությունների կողմից դիմում-բողոք դեռեւս չեն ստացել:


Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն քննություն կսկսի նաեւ այն դեպքում, եթե խնդրին առնչվող հրապարակումներ լինեն ԶԼՄ-ներում:


2007 թվականի օգոստոսին ուկրաինական «Իմիջ գրուպ» ընկերությունը` տնօրեն Գուսակի եւ ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բոժկոյի կողմից դիմում-բողոք էր ներկայացրել ՀՀ ՏՄՊՊՀ ընդդեմ «Սալեքս գրուպի» կրկին «Խորտիցա» օղին նմանակելու համար: Այն ժամանակ դիմում-բողոքը բավարարվել էր, ինչի պատճառով նմանակող ընկերությունը տուգանվել էր մեկ միլիոն դրամով: