Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

350 ՎԱՆԱՁՈՐՑԻ ԿՈՐՑՐԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Մարզեր


2009թ.-ի հունվարի 1-ից Վանաձորի «Ավտոգեն-Մ» գործարանի 350 աշխատակիցներ կորցրեցին աշխատանքը:

«Աշխատակիցներին աշխատանքից ազատելու հիմնական պատճառն այն է, որ մենք Ռուսաստանյան կազմակերպության հետ ենք աշխատում: Նրանք մեզնից գնել են արտադրանքը եւ չեն կարողանում վճարել: Այժմ պարտք են մոտ 100մլն դրամ,-ասում է գործարանի գործադիր տնօրեն Արտակ Ղազարյանը:-Այս պարագայում իմաստ չունի աշխատել, անընդհատ կուտակել: Եթե դեռ նախորդ խմբաքանակի համար չեն կարողանում վճարել, ի՞նչ իմաստ ունի նոր խմբաքանակ կուտակելը: Իսկ Հայաստանի ներսում իրացվում էր արտադրանքի չնչին տոկոսը միայն»:

Գործարանում միջին աշխատավարձը կազմել է 60.000դրամ: Ղեկավարությունը մինչ օրս չի կարողանում վճարել արդեն կրճատված աշխատակիցների սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխտավարձերը, որի ընդհանուր գումարը կազմում է 50մլն դրամ:

Տնօրենի տեղեկացմամբ՝ տարեվերջին իրենք ստիպված էին ընտրել աշխատակիցների վերջնահաշվարկի տարբերակը, որպեսզի խուսափեն հետագա ավելորդ ծախսերից:

Ընկերությունը աջակցություն ստանալու խնդրանքով դիմել է կառավարությանը, որն առաջակել է վարկ՝ 14 տոկոս տոկոսադրույքով:

«Եթե աշխատելուց լինեինք, դա շատ լավ աջակցություն կլիներ , բայց այս պայմաններում որ այդ գումարը վերցնենք, տոկոսը որտեղից ենք տալու»,-ասում է տնօրենը:

Գործարանում հուսով են, որ գարնանը մոսկովյան գործընկերոջ ֆինանսական վիճակը կբարելավվի, եւ վերջինիս վճարունակ լինելու պարագայում իրենք կկարողանան վերսկսել գործունեությունը:

Գայանե Սարգսյան

Վանաձոր