ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ ԾԱՅՐԱՄԱՍԵՐՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Հայաստանում անշարժ գույքի գները նվազել են 10-ից 20%-ով: Եթե առաջ Կոմիտասում բնակարանների մեկ քառակուսին արժեր 1500 դոլար, ապա հիմա` 1200-ից 1300 դոլար է հաշվարկվում: Բնակարաններն էլ սովորաբար գնահատված գնից ավելի էժան են վաճառվում: Այդ մասին «Ա1+»-ին հայտնեցին «Բարս+» անշարժ գույքի գնահատման գործակալությունից:
Ըստ գնահատման գործակալության տվյալների` Կոմիտասում 3 սենյականոց բնակարանը հիմա վաճառվում է սկսած 80.000 ԱՄՆ դոլարից, Զեյթունում` 70.000-ից, իսկ Հարավ-արեւմտյան թաղամասում` 60.000 ԱՄՆ դոլարից:
Իսկ «KN FOREVER» գործակալությունից էլ տեղեկացրին, որ Երեւանի կենտրոնում համարյա էժանացում չկա, իսկ ծայրամասերում բնակարանների գները իջել են 10-20%-ով: Եթե անցյալ տարի ծայրամասերում 1 սենյականոց բնակարանի վաճառքի գինը եղել է 40-45 հազար դոլար, ապա հիմա նույն բնակարանը վաճառվում է 30.000 դոլարով: Գործակալությունում եւս նշեցին, որ գործարքներ հազվադեպ են կատարվում, քանի որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը ազդել է բոլորի վրա, սակայն նա, ով դրամի խիստ կարիք ունի եւ այլ ելք չունի, ապա բնակարանը վաճառում է նույնիսկ ցածր գնով:
«Ես որոշել է ծախել ծայրամասում գտնվող 4 սենյականոց բնակարանս եւ ձեռք բերել 2 սենյականոց բնակարան Կենտրոնում կամ Զեյթունում, սակայն հիմա համոզվել եմ, որ ստացված գումարով կարող եմ հայտնվել փողոցում, այդ իսկ պատճառով ժամանակավորապես որոշել եմ դադարեցնել բնակարանի վաճառքը»,- ասում է արդեն 1 տարի իր բնակարանը վաճառել ցանկացող Աշոտ Վարդապետյանը:
Անշարժ գույքի գնահատման գործակալությունները նշում են, որ իրենց աշխատողները վերջին շրջանում անգործ են մնում, քանի որ բանկերը ճգնաժամի պատճառով սկսել են ոչ բոլորին վարկեր տրամադրել, եւ տրամադրում են նրանց, ովքեր առավել վստահություն են ներշնչում:
Անշարժ գույքի բորսայի գնահատման բաժնում էլ գտնում են, որ առաջիկայում գները մի քիչ էլ կիջնեն եւ հետո գները կկայունանան, սակայն թե ինչքան կիջնեն, դժվարացան նշել: