ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ին
Գասպարյանների ընտանիքն ամեն ամիս Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած որդիներից որոշակի գումար էր ստանում եւ ինչ-որ չափով հոգում տան կարիքները:
Սակայն 3-4 ամիս է` նրանց որդիները Ռուսաստանում հազիվ իրենց ապրուստն են ապահովում, իսկ տուն գումար չեն կարողանում ուղարկել. կատարած աշխատանքի դիմաց դեռ չեն ստացել իրենց հասանելիքը: «Նախորդ ամիսներին դեռ կարողացանաք մի կերպ ծայրը ծայրին հասցնել, սակայն ամանորյա տոներից հետո լրիվ զրոյի վրա ենք: Մենք էլ թոշակառու ենք, որդիներիս կանայք էլ կարողանում են միայն երեխաների խնամքով զբաղվել.ոչ մեկս չենք աշխատում»,- «Ա1+»-ի հետ զրույցում պատմեց ընտանիքի հայրը` Վոլոդյա Գասպարյանը:
Հայաստանյան բանկերին կատարած հարցման ժամանակ պարզեցինք, որ հատկապես հունվարին տրանսֆերտների քանակը զգալիորեն նվազել է: Բանկերի ներկայացուցիչները դա պատճառաբանում են նախ` այսպես ասած` բիզնեսի առումով հունվարի պասիվ լինելով եւ հետո` տնտեսական ճգնաժամով: Բացի այդ` շատ բանկեր տուժել են փոխանցման որոշ համակարգերի անջատման պատճառով: Դա վերաբերում է «Վեսթերն յունիոն»-ին, որով փոխանցումներ էին իրականացվում ԱՄՆ-ից եւ Եվրոպայից: Համակարգը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից անցած տարվա սեպտեմբերին անջատվեց:
«Ինեկոմբանկ»-ից տեղեկացանք, որ տրանսֆերտների առումով հունվարի պասիվությունը բանկում պայմանավորված է ոչ միայն ճգնաժամով, այլեւ փոխանցման այս համակարգի անջատումով եւս: «Որպեսզի կարողանանք վերլուծել, պետք է համեմատություն անենք նախորդ տարվա հունվարի հետ: Մինչդեռ նախորդ տարի այսօր գործող որեւիցե համակարգից բանկը չի ունեցել: Միայն «Վեսթերն յունիոն» ունեինք, որն էլ չի գործում»,- «Ա1+»-ին տեղեկացրեց բանկի գործադիր տնօրենի տեղակալ Արամ Բալոյանն` ավելացնելով, որ թեեւ 2008թ դեկտեմբերի դրությամբ գործող համակարգերով անընդհատ աճ է գրանցել, սակայն նախնական գնահատմամբ` հունվարին փոխանցումների աճը միանշանակ նվազել է:
«ՎՏԲ-Հայաստան» բանկի մանրածախ բիզնեսի վաճառքի բաժնի մասնագետ Աննա Գոնչոյանի ներկայացմամբ` իրենց բանկում վերջին շրջանի նախնական դիտարկումներով տրանսֆերտների քանակը եւս քչանում է: «Միակ հանգամանքը ճգնաժամն է, որն հատկապես անդրադարձել է ՌԴ-ի վրա: Միշտ էլ փոխանցումների առյուծի բաժինն ընկել է Ռուսաստանին, հետո` ԱՄՆ-ին: Նկատվել է մի հանգամանք. թեեւ ԱՄՆ դոլարով փոխանցումները միշտ շատ են եղել, բայց վերջին շրջանում ռուբլիով փոխանցումների աճ է նկատվել: Դա, ըստ մեզ` պայմանավորված է ՌԴ-ում փոխարժեքի կուրսի տատանումներով: Դոլարի նկատմամբ վստահությունը հետզհետե կորչում է»,- ասում է նա` ավելացնելով, որ եթե 2008թ. 1-ին կիսամյակում ռուբլիով փոխանցումների ընդհանուր տեսակարար կշիռը 1 տոկոսն էր կազմում, ապա տարեվերջին արդեն 16 տոկոս էր:
«Յունիբանկ»-ում «Յունիստրիմ» դրամական փոխանցումների ծավալները, ըստ բանկի լրատվական ծառայության տվյալների` շարունակում են մնալ առաջատար դիրքերում` գրավելով այդ շուկայի ավելի քան 50 տոկոսը: Հունվարին «Յունիստրիմ» համակարգով իրականացվել է ավելի քան 33 հազար փոխանցում, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 26 մլն ԱՄՆ դոլար: Գումարային առումով փոխանցումների ծավալի փոքր-ինչ նվազումը բանկն առաջին հերթին պայմանավորում է «բիզնեսի առումով հունվարի ոչ բավարար ակտիվությամբ եւ արտերկրում ճգնաժամային երեւույթների դրսեւորմամբ»: