Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԽՈՊԱՆՉԻԿՆԵՐԸ» ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԶԱՆԳԻ

Մարզեր


2300 բնակչություն ունեցող Լոռու մարզի Դարպաս համայնքում բազմաթիվ խնդիրներ կան, սակայն ամենամեծ խնդիրը համարվում է գործազրկությունը, որն ըստ կանխատեսումների` գարնանն ավելի կսրվի:


«Մոտ 100 ընտանիքի տղամարդիկ գնում էին արտագնա աշխատանքի, մի մասին էլ օգնում էին դրսում բնակվող հարազատները: Այս տարի շատ վատ է լինելու,- ասում է գյուղապետ Համլետ Ավագյանը: -Ովքեր հույսեր ունեին, որ պետք է գնային, հիմա հույս չունեն... Միջազգային ճգնաժամը շատ է ազդում: Ամենամեծ բրիգադը Սոչի էր գնում: Անցած տարի մարդ էին ման գալիս՝ գնացող չկար: Իսկ հիմա... Անորոշ վիճակ է, զանգի են սպասում, զանգ էլ չկա...»:


Անդրեյ Ասլանյանի 3 տղաներից 2-ը վերջին 3-4 տարիներին մեկնել են Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես ինքն է նշում, բավականին լավ էին վաստակում. «Այստեղ օրը 1000-1500 դրամից ավել չէին կարողանա աշխատել: Փետրվարին գնում, դեկտեմբերին գալիս էին»,- ասում է Ա. Ասլանյանը՝ ավելացնելով, որ 11 անձով՝ ամուսիններով, 3 որդիներով, կանանցով եւ 3 թոռնիկներով բնակվում են նույն բնակարանում, իսկ Ռուսաստան գնալը գոնե մեկ որդուն առանձնացնելու հնարավորություն կտար: «Տուն էինք սկսել կառուցել, բայց էս տարի եթե գնալները չստացվի, կիսատ է մնալու,- ասում է նա,- իրանց գնալու ժամանակն է, գործ խոստացողն ասել է, որ գործը ճարի, կզանգի: Սպասում ենք, դեռ հլա զանգ չկա»:


30-ամյա Արմենի կարծիքով Ռուսաստանում աշխատանք գտնելը հիմա շատ դժվարությունների հետ է կապված: «Էս կրիզիսը պատճառ ա, որ այնտեղ աշխատանքի թույլտվություն չտան: Որ գնամ, գործ չեղավ, ստիպված հետ եմ գալ»,- ասում է նա:


Գարնանն սպասվող գործազրկության աճը մեղմելու տարբերակը գյուղապետը տեսնում է կիսակառույց մանկապարտեզի շինարարությունում եւ գործող տնկարանում աշխատելու մեջ, ինչը, սակայն, չի կարող լիարժեք փոխել ստեղծված իրավիճակը: «Մանկապարտեզի շինարարությունում 5-6 մարդ կաշխատի: Գյուղում գործող տնկարանում էլ 25-30 մարդ կաշխատի, բայց դա քիչ է»,- ասում է նա:


Մանկապարտեզի առաջին հարկի աշխատանքները կատարվել են համայնքի բյուջեով, մնացածը, ըստ գյուղապետի, նախատեսվում է կատարել Սոցներդրումների հիմնադրամի աջակցությամբ: 1988թ երկրաշարժից ի վեր համայնքը մանկապարտեզ չի ունեցել: Երեխաների մի մասին ծնողները տանում են գյուղից ոչ հեռու գտնվող` Վանաձոր քաղաքի մանկապարտեզներ, իսկ մեծ մասը մնում է տանը: Գյուղապետի հավաստմամբ` համայնքում մինչեւ 6 տարեկան երեխաների թիվը 70-ից ավելի է: Համայնքը նաեւ ճանապարհների վերանորոգման խնդիր ունի: «2.5 կմ ճանապարհ պետք է վերանորոգվի, - ասում է զրուցակիցս,- այն ընդգրկված է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մեջ: Եթե այլ խնդիրներ չառաջանան, այս տարի կվերանորոգվի»:


Համայնքում զարգացած չէ գյուղատնտեսությունն ու անասնապահությունը, ինչը գյուղացիների կարծիքով` օբյեկտիվ պատճառներ ունի: «Համայնքը գյուղտեխնիկա չունի, եւ չենք կարողանում ժամանակին կատարել պահանջվող աշխատանքները,- ասում են նրանք,- մինչեւ հարմարեցնում ենք այլ համայնքների աշխատանքների հետ եւ բերում նրանց գյուղտեխնիկան, ուշ է լինում»:


Անասնապահությունն էլ չի զարգանում, որովհետեւ համայնքի արոտավայրերը գտնվում են համայնքից 15-20 կմ հեռավորության վրա, ինչը գյուղապետի հավաստմամբ` «շատ ծախսատար է»:


Գայանե Սարգսյան

Վանաձոր