Աղմուկ Գյումրիում
Աջակցիր «Ա1+»-ինՎաղ առավոտից աղմուկ էր Գյումրիի Հաղթանակի պողոտայի եւ Արագած փողոցի հատման հատվածում: Պատճառը ոչ թե մշտական եռուզեռն էր, այլ՝ առեւտրով զբաղվողների դժգոհությունը: Նրանց տեղահանում էին:
Առեւտրականներն ասում են, որ իրենք ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, իրենց մասնագիտությամբ ի վիճակի չեն ընտանիքի հոգսերն հոգալու, ստիպված փողոցային առեւտրով են զբաղված: Նրանք համաձայն են տարածքից հեռանալ՝ իրենց աշխատանքով ապահովելու պայմանով:
Գյումրիի քաղաքապետարանի Ապօրինի շինությունների եւ հողազավթումների վերահսկողության բաժնի պետ Աշոտ Քալաշյանը հավաստիացնում է, որ իրենց նպատակն առեւտրի արգելումը չէ, այլ՝ դրա քաղաքակիրթ տարբերակին անցնելը:
Սակայն պարոն Քալաշյանի առաջարկած նորմալ առեւտրի տարբերակը այնքան էլ սրտաբաց չընդունվեց առեւտրականների կողմից: Շուկաներում իրենց գործունեությունը կազմակերպելուց հրաժարվելն առեւտրականների կողմից մի քանի պատճառաբանություն ունի, մասնավորապես շուկայում` զանազան վարձերի առկայությունը, ինչը չի կարող չազդել ապրանքի գնի վրա:
Առեւտրականների ամսական եկամուտը կազմում է մոտ 60 հազար դրամ: Սա էլ իրենց խոսքերով բավարարում է հացի, ծխախոտի, մի տուփ մակարոնի, կոմունալ վարձերի վճարմանը: Առեւտրականները նշում են, որ ապրիլի 1-ից բարձրացող կոմունալ ծախսերն էլ ավելի են դժվարացնելու իրենց վիճակը:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ