Մկներն ընդդեմ գյուղացիների (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ոչ մի հանձնաժողով չկա, ոչ մի ներկայացուցիչ չկա, որ գա գյուղացու հոգսն ու դարդը լացի», - դժգոհում են արմավիրցիները: Խնդիրն այն է, որ մարզի Հացիկ գյուղի և հարևան Խանջյան համայնքի բնակիչների մտահոգությունն այլևս անակնկալ ցրտահարությունները չեն:
Հիմա նրանք, ոչ ավել, ոչ պակաս, ստիպված են պայքարել մկների դեմ: Հաստատվելով նշված տարածքներում' մկները հասցրել են հիմնովին վնասել ծառերը, խաղողի այգիները:
«8 տարի շարունակ սպասել եմ, որ էս ծառն ինձ առաջին բերքը տա: Մի հատ բան չեն թողել, ես ինչ անեմ, լրիվ կրծած տարած ա»,- իր մտահոգությունն է հայտնում Հացիկ գյուղի բնակիչ Ռուբեն Հալուլյանը:
Երևույթը նոր չէ: Նախորդ տարի ևս գյուղացիները նմանատիպ խնդիրներ են ունեցել: Նախորդ տարի մարզպետարանի կողմից տրամադրվել է ցինկի ֆոսֆիդ մկնասպան միջոցը, սակայն այն բավարար քանակությամբ չի եղել: Ցանկալի արդյունքի այդպես էլ չեն հասել: Այս տարի որևէ օգնություն նրանք դեռևս չեն ստացել:
Գյուղի բնակիչների խոսքերով վնասված ծառերն անմիջապես պետք է կտրվեն: Իսկ որպեսզի նոր շիվերը ձևավորեն լիարժեք այգի, կպահանջվի նվազագույնը 4-5 տարի: