«Սպասում էին նոր վթարի» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳեղի-Կապան մայր ջրագծի վրա վթար է տեղի ունեցել, այս անգամ արդեն մի քանի հատվածներում:
Արդեն երեք օր է` վթարի պատճառով Կապանի մի քանի թաղամասեր ջրազրկված են: Ջրմուղագործների ասելով` վթարի չափերը բավականին մեծ են: Նրանք փորձում են վերացնել վթարը` եռակցելով պատռված խողովակաշարը: Նշենք, որ մայր ջրատարի խողովակաշարը 35-40 կմ երկարություն ունի: «Մեծ, ծանր մեխանիզմ է աշխատել, որի պատճառով վթար է տեղի ունեցող, ու հիմա չգիտենք` ինչ մեխանիզմ է դա եղել»,-նշում է խողովակագործներից մեկը:
Ջրատարի վթարներից մեկը տեղի է ունեցել Հալիձոր թաղամասում: Ջրմուղագործներին այլեւս այս հատվածում տեղի ունեցող վթարները անակնկալի չեն բերում. այս հատվածում խողովակը հին է ու մաշված: «Սա պլանային աշխատանք է, որը պետք է կատարվեր ու կատարում ենք: Այս աշխատանքներն առանձնապես չպետք է խանգարեին ոչ մի բանի»,- զարմանում է մայր խողովակի վթարը վերականգնող մեկ այլ աշխատող:
Անցած տարի «Հայջրմուղկույուղին» մայր խողովակաշարի առավել վատ վիճակում գտնվող հատվածը փոխարինել է նորով: 230 մետր նոր ջրագիծ է անցկացվել, սակայն միայն այսօր է այն շահագործման հանձնվում: «Թաղամասում գիծը հաճախակի վթարվում է; Նոր ջրատար խողովակաշարը, որ անցկացրել ենք, սրա միացումները չէինք տվել. սպասում էինք, որ նորից վթար պատահի, որ միացումները տանք»,- պատճառաբանեց «Հայջրմուղկույուղու» աշխատակիցներից մեկը:
Բանն այն է, որ Հալիձոր թաղամասում տեղի ունեցած վթարը ջրմուղագործների վստահեցմամբ` ամենօրյա վթար է: Ի դեպ, նշենք, որ թաղամասերը ջրազրկման հիմնական պատճառը պոչամբարի հատվածում վթարված խողովակաշարն է: