Երթուղին փակ էր
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Վանաձորի ավտոկայանում անսովոր հանգստություն էր տիրում' Վանաձոր-Երևան երթուղին փակ էր:
Իսկ պատճառը Երևանում սպասվող ՀԱԿ-ի հանրահավաքն է:
«Կանանց կարելի է, ո՞վ է ասում չեն տանում, կին լինեի' ես էլ վաղուց գնացած կլինեի, հենց նոր մի Գազել եկավ, 4-5 կին էին կանգնած, նրանց տարան մեզ չեն թողնում»,-ասաց քաղաքացիներից մեկը:
Երբ ուղեւորների դժգոհությունները սաստկացան , աղմուկին վրա հասած երթակարգավորման կայանի պետ Գարիկ Խաչատրյանը տեղեկացրեց.
«Կգնաք ժամը 16.00-ին»: Հիշյալ թեմայի շուրջ բոլոր հարցերին նա պատասխանում էր. «Ինձ էլ է հետաքրիր պատճառը, ու ոչ մեկը չի կարող ասել,- ապա խույս տալու համար ասաց,-հանգստյան օր է, չի կարելի»:
Հարցերից խուսափում էին նաև վարորդները , բոլորը նույնն էին ասում. «Էսօր իմ հանգստյան օրն է»:
Անհատ տաքսի ծառայության աշխատակիցը, որ չցանկացավ ներկայանալ,ասաց, որ ինքն արդեն 2 երթ է կատարել.«Ճիշտ է դժվար է գնալը, ճանապարհին կանգնացնում են,մեքենան ստուգում են, փաստաթղթերն ու ժողովրդի վեշը ստուգում են, որ զենք-զինամթերք չունենան ու թողնում են գնան' անհնարին չի»:
«Վանաձոր» տաքսի ծառայությունը, որ կայանվում է ավտոկայանի տարածքում, մինչև ժամը 11-ը 12 երթ էր կատարել, դեպի Երևան: Վարորդները հավատացրեցին, որ ճանապարհներին, որևէ խնդիր չի լինում, եթե մեքենայում տղամարդ չի լինում, նույնիսկ չեն կանգնեցնում:
Ի դեպ, ավտոկայանում միայն 1 ուղևոր էր գնում հանրահավաքի,ՀԱԿ-ի անդամ Հրաչյա Համբարյանը: Նա ամենևին չզարմացավ ստեղծված իրավիճակից. «Սա առաջին դեպքը չի, ամեն անգամ հանրահավաքներին փակում են, էս ձևով փորձում են փակել խոսողի բերանը, լսողի ականջները,գնացողի ոտքերը, բայց գնացողն ամեն դեպքում գնում է»:
Երևան գնացող ուղևորների մի մասը օգտվեցին տաքսի ծառայուններից, մի մասն էլ հրաժարվեցին գումարի պատճառով և նախընտրեցին սպասել մինչև ժամը 16.00-ը:
Նելլի Դավթյան
Վանաձոր