Ո՞ւմ մեղքով էր
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Գյումրիի Շիրակացի փողոցի 101/033 տնակի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի հունիսին հարեւանությամբ կառուցվող շինության պատը փլվել էր հիշյալ տնակի վրա՝ խլելով երեք մարդու կյանք: Այսօր դատարանի հարցերին պատասխանել է երեք վկա, ովքեր մասնակցել են շինարարական աշխատանքներին:
Հարուցված քրեական գործով մեղադրվում են շինարարության աշխղեկ Ավետիք Եղոյանը, կռունկավար Արտաշես Առաքելյանը եւ քաղաքաշինության պետական տեսչության աշխատակիցներ Հրայր Առաքելյանը եւ Ստյոպա Սահակյանը:Այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեց գործով վկա, պատշար Ալեքսան Սարգսյանը: Դապքի ժամանակ նա աշխատել է շինության այլ հատվածում: Լսելով փլուզման աղմուկը եւ մարդկանց աղաղակը՝ վազել է ձայների ուղղությամբ եւ մասնակցել քարերի հեռացման աշխատանքներին, մինչ կգային փրկարարները: Մյուս վկաները՝ Ռազմիկ Հակոբյանն ու Ալբերտ Գալոյանը եւս չեն տեսել պատի փլուզման պահը եւ չեն կարող ասել դրա ստույգ պատճառը: Մասնագիտական փորձից ելնելով միայն ենթադրում են, որ վատ շարված պատն ինքն իրեն կփլուզվեր մեկ - երկու օրվա ընթացքում, եւ ոչ թե երկու շաբաթ անց: Ըստ Ալբերտ Գալոյանի, աշխղեկ Ավետիք Եղոյանը դեպքի ժամանակ գտնվել է շինհրապարակում, բայց այլ հատվածում: Տուժողների իրավահաջորդները նշում են, որ շինհրապարակում նման պատահարներ կարող են հաճախ պատահել, այստեղ ամենամեծ պատասխանատվությունը կրում է քաղաքապետարանի քաղաքաշինության բաժինը, որը թույլ է տվել տարածքում շինարարություն իրականացնել:
Ի դեպ, այս նիստին կանչվել էր ութ վկա, որոնց մեջ եղել է նաեւ քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Հրայր Կարապետյանը, սակայն նրանցից հինգը չէին ներկայացել: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 10-ին:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ