Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ղազանչին կարող է ջրազրկվել

Մարզեր

Շիրակի մարզի Ղազանչի գյուղի բնակիչները ջուրը տուն դույլերով են տանում, քանի որ ծորակներից ջրի հետ, ինչպես իրենք են ասում. «ճիճու կուգա, կեղտ կուգա, անձրեւաջուր կուգա»:

Դրա հետ մեկտեղ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն սպառնում է հուլիսի 15-ից դադարեցնել գյուղի ջրամատակարարումը, եթե գյուղացիներն ընկերության հետ ջրաչափ տեղադրելու պայմանագիր չկնքեն:

2005թ. հուլիսի 1-ին Ղազանչի գյուղի գյուղապետարանի եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջեւ կնքվել է անժամկետ պայմանագիր: Այն կնքելու պահին գյուղապետարանը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին պարտք է եղել 80.000 դրամ, որը պարտավորվել է մարել մինչեւ օգոստոսի 1-ը (թե որ տարվա օգոստոսի 1-ը, պայմանագրում նշված չէ):

Ըստ գյուղապետ Քաջիկ Թովմասյանի` Ղազանչիի գյուղապետարանը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից 1 խորանարդ մետր ջուրը 51,49 դրամով գնել է եւ նույն գնով վերավաճառել գյուղացիներին:

Սակայն 2008թ. «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, առանց նոր պայմանագիր կնքելու, սահմանել է նոր սակագին, խորանարդ մետրը` 154 դրամ` մանրածախ գնով: Նոր սակագնով Ղազանչի գյուղը ջրմուղին արդեն իսկ պարտք է 2 միլիոն 986 հազար դրամ` չհաշված նախկին 80.000 դրամի պարտքը:

Գյուղացիները բողոքում էին նաեւ, որ ջրի գինը հաշվում են մարդկանց թվով, այլ ոչ թե խորանարդ մետրով եւ յուրաքանչյուրից պահանջում են 924 դրամ (մեծածախ սակագնի ժամանակ նախկինում պահանջում էին 200 դրամ):

Ըստ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հյուսիս-արեւմտյան տարածքային մասնաճյուղի «Աշոցք» ենթատեղամասի պետ Արկադի Հասրաթյանի` ՀՀ կառավարության հունվարի 21-ի 130-Ն որոշմամբ, եթե բաժանորդը չունի ջրաչափ, ապա 1 անձի համար օրական հաշվում են 200 լիտր ջուր:

Ամսվա 30 օրվա հետ 200 լիտրը բազմապատկելով ստանում են 6 խմ ջուր, որն էլ բազմապատկում են 154 դրամ սակագնով եւ ստանում 924 դրամ:
«Մեր խնդրանքը հետեւյալն է, համաձայն չեք, որ, որ ծախսում եք 200 լիտր ջուր, դրեք ձեր ջրաչափը եւ ապացուցեք մեզ, որ էսքան է. որեւէ մեկը ավել փող չի ուզում»,-ասում է Արկադի Հասրաթյանը:


Ղազանչի գյուղի ջրամատակարարող ներքին ցանցը 40 տարի է չի նորոգվել:

«Ջրաչափ դնելու համար պիտի ներքին ցանց վերանորոգվի, ջուրը պիտի բրեն հասցնեն մեզի, որ մենք էլ ջրաչափ դնենք: Մենք ոռոգման ցանց չունինք: Ամեն ջրի որ էդքան թանկ տանք էս վիճակում, դժվար է գյուղացու համար»,- ասում է գյուղացի Ստեփան Մխիթարյանը:

Ոռոգման համակարգի համար Արկադի Հասրաթյանը ասում է. «Դա ոչ Ջրմուղի, ոչ գյուղացու խնդիրն է: Թող կառավարությունն ընդունի որոշում, որ անասուն ջրելու համար պիտի սահմանվի այլ սակագին: Դա կառավարության խնդիրն է»:

Մինչդեռ ՀՀ կառավարության 2004թ. հունվարի 21-ի 130-Ն որոշման 5-րդ կետում նշված է. «Սահմանել, որ... ոռոգման համակարգերի բացակայության դեպքում խմելու ջուրը կարող է պայմանագրային հիմունքներով օգտագործվել ոռոգման նպատակով: Նշված դեպքերում տնամերձ հողամասերը (այգիները) և այլ հողամասեր խմելու ջրով ոռոգելու դեպքում լրացուցիչ հաշվարկվում է հողամասի (այգու) ոռոգման վճար` տվյալ տարածքում գործող ոռոգման ջրի սակագնով»:

Նշենք, որ ոռոգման ջրի առանձին սակագին գյուղում չի գործում:

Վիկտորյա Բուռնազյան

Հ.Գ.

Խնդրին ծանոթանալու համար լրագրողներին Ղազանչի էր տարել «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղը: