Քաղաքացի էլ դարձան, ոչինչ չփոխվեց
Աջակցիր «Ա1+»-ինՄի ժամանակ Ակներն առանձին գյուղ էր, հետո Ալավերդի քաղաքի թաղամասի կարգավիճակ ստացավ, բայց դրանից հետո Ակներում կյանքը ոչնչով չփոխվեց։
Նախկինի նման ապրում են գյուղական հոգսերով ու խնդիրներով։ ՙԳոնե գյուղ բերող ճանապարհը նորոգվեին»,- դժգոհում են ակներեցիները։
Գյուղամիջի խանութի մոտ հանդիպեցինք տիկին Մանուշակին։ Սովորականի նման ապառիկով էր առեւտուր արել։
Ասաց, որ խանութի պարտքը կվերադարձնի անտառից հավաքած սունկը քաղաքում վաճառելուց հետո։ Թեեւ վերջին շրջանում գնորդներն էլ են պակասել։
Անտառն այս շրջանում ակներեցիների եկամտի հիմնական աղբյուրն է։ Սեփականաշնորհված հողամասերը քիչ են, եղածներում էլ ընդհանրապես ցանքս չեն կատարել։ Անասուն պահելը նույնպես մեծ դժվարությունների հետ է կապված։ Խոտհարքները սարերում են, խոտը գյուղ հասցնելը մեծ ծախսերի հետ է կապված, ասում է Շուշիկ Գորգինյանը, որն ընդամենը մեկ կով ունի։
ՙ40 լ բենզին պետք ա առնենք, որ մի ավտո խոտ բերենք։ Հնձելու համար էլ պիտի գումար տանք, վարորդին էլ։ Առանց հնձել խոտը մնում ա սարերում, ուրիշներից ենք առնում խոտը՚,-ասաց նա։
Երիտասարդներն այստեղ հեռանկար չեն տեսնում, այդ պատճառով էլ հեռանում են գյուղից,կարծում է տիկին Շուշիկը, որի միակ տղան Ռուսաստանում է։
ՙՋահել չկա, մարդ չէս տեսնի, 70 տոկոսը գնացել են, իմ տղան էլ ամուսնացելա ու գնացել, զանգի ենք սպասում, որ ձայնները լսենք, հիմա էդպես ա ՚,-նշում է նա։
Որդին վերջին անգամ ծնողների համար գումար է ուղարկել դեկտեմբերին։
Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ