Վերացրին Լաչինի միջանցքը
Աջակցիր «Ա1+»-ինՎաղ առավոտյան Գյումրիի մի խումբ առեւտրականներ փակել էին քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակի հարակից տարածքի երթեւեկությունը:
Նրանք դժգոհում էին Լաչինի միջանցք անունով հայտնի շուկայում փողոցային առեւտուրը վերացնելու քաղաքապետարանի որոշման դեմ:
Հավաքվածները փողոցից հեռացել են միայն, երբ ժամանել են իրավապահները:
Լաչինի միջանցքում փողոցային առեւտրով զբաղվողները դժգոհում էին ոչ միայն որոշման, այլեւ այդ որոշումն իրականացնող քաղաքապետարանի ապօրինի շինությունների եւ հողազավթումների վերահսկման բաժնի պետ Աշոտ Քալաշյանի կոպիտ վերաբերմունքից:
Ըստ նրանց, օգոստոսի 5-ին երեկոյան, իրավապահ մարմինները Քալաշյանի ուղեկցությամբ սկսել են քանդել Լաչինի միջանցք անունով հայտնի շուկայի վաճառասեղանները` ասելով թե իրագործում են քաղաքապետարանի ` փողոցային առեւտուրը վերացնելու որոշումը: Առեւտրականների խոսքով, Քալաշյանը եղել է ոչ սթափ վիճակում:
Գյումրիի քաղաքապետարանի տեղեկացմամբ, փողոցային առեւտուր վերացնելու ուղղությամբ իրենք աշխատում են մարտ ամսից, իսկ Լաչինի միջանցքում այն դադարեցնելու որոշման մասին տեղի առեւտրականներին տեղեկացրել էին նախօրոք: Ներկայում Լաչինի միջանցքում առեւտուր չի իրականացվում: Առեւտրականները ստիպված են եղել իրենց ապրանքը իրացնել քաղաքային շուկայում:
«Ցայգ» Հ/Ը