25000` առաջին դասարանցիներին
Աջակցիր «Ա1+»-ին
Հանրապետության նպաստառու ընտանիքների առաջին դասարանցի յուրաքանչյուր երեխայի համար այս տարի եւս միանվագ դրամական օգնություն կտրվի:
Յուրաքանչյուր առաջին դասարան մեկնող երեխայի համար պետությունը կվճարի 25 հազար դրամ: Ընտանիքները մինչեւ սեպտեմբեր պետք է գրավոր դիմում ներկայացնեն տարածքային սոցծառայության բաժիններ:
Արդեն չորս տարի է, ինչ կառավարության որոշմամբ սոցիալապես անապահով նպաստառու այն ընտանիքներին, որոնք ունեն առաջին դասարան հաճախող երեխա, միանվագ դրամական օգնություն են ստանում: Եթե նախկինում այդ գումարը 20 հազար դրամ էր, այժմ արդեն մեկ երեխայի համար վճարվում է 25 հազար դրամ:
Միանվագ գումար ստանալու համար նպաստառու ընտանիքը պարտավոր է սոցծառայություն ներկայացնել դիմում եւ տեղեկանք այն դպրոցից, որտեղ հաճախելու է երեխան:
Գյումրի 1 սոցծառայություն արդեն ներկայացվել են 100-ից ավելի դիմումներ, շուրջ 174 դիմում էլ ներկայացվել է Գյումրի 2 սոցծառայությանը:
Քիչ չեն նաեւ այն ընտանիքները, որոնք դիմումները ներկայացնում են արդեն սեպտեմբերին եւ դժգոհում գումարների ուշացման համար: Լինում են ընտանիքներ էլ, որ գումարը ստանում են, սակայն երեխային այդ տարի դպրոց չեն ուղարկում, այս պարագայում սոցծառայությունները ընտանիքներից գումարները հետ են գանձում:
Նախորդ տարի Գյումրի 1 սոցծառայությունը պետի տեղակալ Ռաֆայել Քոթանջյանի խոսքերով 22 ընտանիքից գումարները հետ է գանձել: Սակայն եթե անգամ գումարն ընտանիքը ժամանակին է ստանում կրկին նշում է թե այն բավարար չէ դպրոց մեկնող երեխային անհրաժեշտ պարագաներ գնելու համար:
Ամեն դեպքում սեպտեմբերի մեկին գյումրեցիները միայն իրենց հատուկ ջանասիրությամբ են պատրաստվում, կարող են շրջել բոլոր խանութներում, համեմատություն անել, հաշվել կամ ինչպես իրենք են ասում՝ քցել բռնել թե որտեղից որ պարագան գնեն, որ քիչ ծախսեն, բայց երեխային էլ դժգոհ չթողներն:
Գրենական պիտույքների վաճառքով զբաղվողներն արդեն նշում են, որ առեւտուրն աշխուժանում է:Գնելը գնում են, բայց գներից են դժգոհում ծնողները:
ՙԱշխատանք չկա, գները բարձրացել են, խնդիրները մեր քաղաքում շատ շատ են, մարդիկ օրվա հաց հազիվ են վաստակում, ուր մնաց՝ դպրոցական պարագաներ գնել: Երեխայի համար կոշիկ գնեցինք, 7000 դրամ է՚, - դժվարություններն են պատմում ծնողները, բայց եւ ձգտում են ծայրը ծայրին հասցնել:
Ցայգ հ/ը