A
A
Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանն ընդունել է դեսպան Անջեյ Կասպշիկին
Ապրիլի 9-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկին: Նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի՝ տարածաշրջան կատարած այցի արդյունքներին։ Քննարկվել է նաև Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Այս համատեքստում ընդգծվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության պահպանման կարևորությունը: Կողմերն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ մի շարք հարցերի։