Ի՞նչ անել ավելցուկ խաղողը
Աջակցիր «Ա1+»-ինՎաղ առավոտից խաղողագործները` բերքը բարձած, Արմավիրի «Արարատ» գինու և կոնյակի գործարանի մոտ են: Խաղողը հանձնելու իրենց հերթին են սպասում: Գյուղացիները պատմում են, որ հերթը գոյանում է լուսադեմից: Ժամը 14.00-ից էլ գործարանը բացվում է, սկսում են խաղողն ընդունել: Արմավիրցիների խոսքով` սկզբի օրերին մեքենաների հերթի երկարությունը 1 կմ-ի էր հասնում` «մինչև պահածոյի գործարան»: Եղել է` մինչև գիշերվա 2-ը մարդիկ իրենց հերթին են սպասել: Օրեցօր հերթերն ավելի փոքր են` 5-10 մեքենա: Խաղողագործներն էլ ստիպված չեն 15-30 րոպեից ավելի սպասել:
Արմավիրցի Գառնիկ Մամիկոնյանը շատ այլ խաղողագործների նման ավելցուկային բերքն իրացնելու խնդիր ունի: Նա արդեն 4 տոննան հանձնել է, այսօր էլ «պլանը» կատարելուն պակասող 900 կգ-ն է բերել:
«Նախկին պայմանագրի համեմատ` քաշը իջացրել են, գինը նույնն է մնացել: Անցյալ տարիներին, եթե «պլանը» կատարում էիր, քեզ 10 տոկոս պրեմիա էին տալիս: Էս տարի տեսան խաղողը շատ ա, ստիպված էդ հանեցին, որ իրանք էլ տեղավորվեն թվի մեջ: Եթե պայմանագրից մի 50-60 կգ էլ ավել լինի, բարձել են տալիս, հետ են տալիս»,- ասում է Գառնիկը:
Գործարաններն այս տարի պայմանագրերը նախօրոք են կնքել: Խաղողագործը պատմում է, որ իր խաղողն արդեն 10 տարի այստեղ է հանձնում: Այս տարի, սակայն, բերքի մի մասը դաշտում է մնացել, ու Գառնիկը ստիպված է էժան գնով վաճառել:
«Ամենաթանկ գնով մթերողը էս գործարանն ա, 10 օր հետո փողը տալիս են, բայց էլի էժան ա: Մեր վրա բերել, տեղ հասցնելով` խաղողը 100-110 դրամ ա նստում»,- պատմում է 8,5 տոննայի մթերման պայմանագիր ունեցող մեկ այլ արմավիրցի:
«Ժողովուրդը որ ավել խաղող ա ունենում, ստիպված` գեներալ Մանվելի գործարան` Արշալույս ա տանում, կամ էլ` Մասիս: Էնտեղ գները շատ ավելի էժան են, բայց դե` ստիպված են տանում, որ չթթվի, փչանա»,-ասում է նա:
Գյուղացիների խոսքով` ի տարբերություն «Արարատ» գործարանի, Մասիսում «ահավոր» հերթ է, շատերին էլ հետ են ուղարկել:
Այլ գործարաններում, խաղողի որակից ելնելով, մթերում են 1 կգը` 80-100դրամով: «Ապրանքը 3-4 օր մնացել ա, որակազրկվել: 17 մեքենա հետ են ուղարկել: Մի մեքենան մոտ 10 տ խաղող ա տեղավորում: Օրականը պիտի էդ օրը 2-ից հետո քաղես, նույն օրը բերես, որ նորմալ հանձնես»,-ասում են նրանք:
Ի դեպ` «Արարատ» գործարանը խաղողի մթերումը սկսել է սեպտեմբերի 16-ից, իսկ մթերման շրջանի վերջին օրը հոկտեմբերի 9-ն է: Մթերող գյուղացիները, սակայն, ասեկոսներ են լսել, թե կարող է ևս մի օր խաղող մթերեն:
«100 տոննա ավել մթերելու հրաման են իջացրել, բայց թե ոնց, ումից, պարզ չի»,- ասում են նրանք: