Վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ, Մեղրի համայնքների վարչական սահմաններում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովը քննարկում է Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակներն են ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նախագիծը ներկայացրեց Ալեն Սիմոնյանը:
«Սահմանվում է, որ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր և ավտոմատացված՝ սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական սահմաններում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում»,- նշեց նա:
Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ ներկայումս վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում, ընդ որում՝ դրանք տեղադրված են մարդաշատ վայրերում:
Ի դեպ, Վիճակախաղերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վիճակախաղին մասնակցելու իրավունք ունեն միայն 18 տարեկանը լրացած անձինք, բացառությամբ տոտալիզատորի, որին մասնակցելու իրավունք ունեն միայն 21 տարեկանը լրացած անձինք, ինչն ինքնին նշանակում է, որ խաղասրահ մուտք գործելիս անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը ողջունելի համարեց օրենքի նախագիծը, քանի որ վերջին տարիներին անչափահասները շատ են այցելում նման վայրեր: Արթուր Գրիգորյանն, այնուամենայնիվ հետաքրքրվեց ՝ դրանց փակման հետևանքով աշխատատեղեր կփակվե՞ն: Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ մոտ 700 աշխատակից զրկվի իր աշխատանքից: