Քոչարյանի գույքի վրայից կալանքը կհանվի՞. բողոքը դատարանը բավարարեց մասնակի
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ (Շենգավիթ նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշումը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը բավարարեց մասնակի՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում:
Գույքի վրա դրված կալանքը վերացնելու վերաբերյալ դատարանը որոշում չկայացրեց՝ այն թողնելով բուն գործը քննող դատարանին։
Միաժամանակ, Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու՝ դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով դատարանը բողոքը մերժեց:
Հիշեցնենք, որ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելուց մի քանի օր անց՝ 2018 թ. հուլիսի 30-ին, Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ նրա ամբողջ գույքի վրա կալանք էր դրվել, իսկ բողոքը դատարան ներկայացվել էր 2018 թ. հոկտեմբերի 1-ին:
Դատավորի որոշումը
«2019 թվականի հունիսի 7-ին քաղաք Երևանի դռնբաց դատական նիստում քննության առնելով դիմող Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի բողոքը ՀՀ Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Մուշեղյանի՝ մեղադրյալի գույքի վրա կալանք դնելու մասին 30-ը հունիսի 2018 թվականի և ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Դոլմազյանի բողոքը քննության առնելու մասին 30-ը օգոստոսի 2018 թվականի որոշումների դեմ՝ որոշեցի՝
Դիմող Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի բողոքը բավարարել մասնակի. արձանագրել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում, Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու վարույթն իրականացնող մարմնին և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու, դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով բողոքը մերժել:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ այս հրապարակումից տասնօրյա ժամկետում»