Անցակետից անցակետ. քաղաքացիները սահմանին՝ անելանելի վիճակում
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ ժամը 23:00-ից մոտ 100 հոգի անելանելի վիճակում է հայտնվել հայ-վրացական սահմանին՝ Գոգավանի անցակետում։ Ասում էին քաղաքացիները, որոնք ճարահատյալ զանգել էին «Ա1+»-ի խմբագրություն։
Առեւտրով զբաղվող Հովհաննես Պետրոսյանն ասում է, որ իրենք վերադառնում են Թուրքիայից։
Հունիսի 13-ին նրանց Բագրատաշենի անցակետում չեն սպասարկել, պատճառաբանելով, թե ծանրաբեռնված են, հերթերը շատ են: Մաքսակետում առաջարկել են այլ անցակետ գնալ: Քաղաքացիները հետեւել են խորհրդին. նրանց թվում եղել են նաեւ առեւտրականները, որոնք, ըստ Հովհաննես Պետրոսյանի, ապրանքները Գոգավանի անցակետով տեղափոխելու համար վճարել են 1000 լարի ( մոտ 200 000 դրամ)։
«Հիմա եկել ենք Գոգավան, իրենք ասում են՝ ձեզ ոչ մի հասանելիք չկա: Ասում եմ՝ մեր պերեգրուզի համար վճարել ենք և եկել է այստեղ, ո՞նց, մենք դատարկ դուրս ենք եկել մեր մաքսակետից: Իրենք ասացին՝ գնացեք Գոգավան, նույն սպասարկումն է, խաբեցին, փափուկ բարձ դրեցին ու ցրեցին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Գոգավանի անցակետում սպասող առևտրական Հովհաննես Պետրոսյանը:
Մաքսատանն, ըստ նրա, առաջարկել են բոլոր իրերի համար՝ անկախ նրանից հին է, թե նոր, մաքսազերծման համար 4 եվրո վճարել:
«Լվացքի փոշին ինչո՞ւ պիտի 4 եվրոյով մաքսազերծեմ: Այսինքն 10 կգ լվացքի փոշի եմ բերել իմ տան համար, 40 եվրո տամ մաքսազերծե՞մ,- վրդովված շարունակում է նա:-Մենք իրենց ասացինք՝ եթե ես օրինակի համար բերել եմ 100 կգ ապրանք, ինձ հասանելի 25 կգ տվեք, մնացած 75 կգ թողեք մաքսազերծենք գնանք: Իրենք ասում են՝ չէ, պիտի ամբողջը մաքսազերծվի ու գնում են իրենց կաբինետներում նստում»:
Նա նաեւ հավելեց, որ բացի առևտրականներից իրենց հետ են նաև այլ երկրից ժամանած հայեր, որոնք տարիներ շարունակ Հայաստան չեն եկել և վերջապես գալուց հետո՝ նման մոտեցման են արժանացել.
«Հիմա մեր հետ մարդ կա, որ 9 տարի Հայաստան չի եկել, հիմա եկել է, ու ժամերով պահում են իրեն»:
Հովհաննես Պետրոսյանի փոխանցմամբ՝ քաղաքացիների շրջանում անչափահասներ կան, նաև հիվանդ կանայք: Անցակետում նաև 3 ավտոբուս կա:
Ի դեպ, հունիսի 11-ին Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում հորդորել էր սահմանը հատել Բավրայի և Գոգավանի անցումային կետերով, հաշվի առնելով ամառային շրջանում գյուղմթերքի արտահանման ծավալների աճը, ինչպես նաև զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը: