Արցախի բոլոր քաղաքական ուժերի համար անթույլատրելի է խաղաղապահների տեղակայումը. ընդդիմադիր պատգամավոր
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» խմբակցության ղեկավար, միջազգայնագետ Հայկ Խանումյանի խոսքով՝ Արցախում չկա մի ուժ, որ կողմ է Արցախում օտարերկրյա խաղաղապահ ուժերի տեղակայմանը։
ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ
Ադրբեջանական մամուլում տեղեկություններ էին տարածվել, ըստ որոնց՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե Մինսկի խումբը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ նոր փաստաթուղթ է ներկայացրել, որում նշված է եղել Արցախից հայկական զինված ուժերի դուրսբերման ու խաղաղապահ ուժերի տեղակայման մասին։
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հանդիպումից հետո մասնակից կողմերի համատեղ հայտարարությունից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների կոչերը և առաջարկները։
Խանումյանն ասաց, որ հակված է հավատալու հայկական կողմի հայտարարությանը՝ ևս մեկ մեկ անգամ վերահաստատելով այն պնդումը, որ Արցախում ընդունելի չէ խաղաղապահ զորքերի տեղակայումը։ «Արցախի բոլոր քաղաքական ուժերի համար անթույլատրելի է։ Մենք տեսել ենք, թե դրանք ինչպես են աշխատում։ Դրանց ներկայությունը հետագայում բերում է ցեղասպանությունների։ Դրանք անվտանգության երաշխավոր չեն կարող լինել»,- շեշտեց միջազգայնագետ պատգամավորը։
Խոսելով Նախիջևանում ադրբեջանա-թուրքական «Անդրդվելի եղբայրություն» խորագիրը կրող զորավարժությունների մասին՝ պատգամավորն ասաց, որ Արցախը նույնպես զորավարժություն է անցկացրել, և թուրք-ադրբեջանական զորավարժություններով ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է վիճակը սրել։
«Ադրբեջանը հարցի լուծման միակ եղանակ տեսնում է պատերազմը։ Պետք է պատրաստ լինենք, ունենանք բարձր զգոնություն՝ չմոռանալով, իհարկե, սպառազինությունների գնումների մասին, սպառազինությունների արդիականացման մասին»,- շեշտեց նա՝ հավելելով, որ շփման գծում մշտապես նույն վիճակն է, և պատերազմական վիճակը արցախցիների համար դարձել է ապրելակերպի մաս։
«Խնդրի լուծում տվողը ժողովուրդներն են, հակամարտության մեջ ներգրավված կողմերն են։ Միջնորդ կողմերը պետք է աջակցեն խաղաղությանը և կոչ անեն զերծ մնալ ուժի գործադրումից և ուժի գործադրման սպառնալիքից։ Միջնորդները պետք է կարողանան զսպվածություն ցուցաբերել հակամարտության կողմերին ծանր սպառազինություն վաճառելու հարցում, հատկապես՝ հարձակողական սպառազինություն»։
Իսկ թե ադրբեջանական ընդդիմադիր ուժերի մոտեցումներն ինչպիսի՞ն են ԼՂ հակամարտության կարգվորման հարցում, Խանումյանը պատասխանեց, որ շատ տարբեր են։ «Մեծ մասը ցանկանում է մեզ ոչնչացնել կամ լավագույն դեպքում ստեղծել ժողովրդավարական Ադրբեջան, որի կազմում կլիներ Արցախը։ Արցախում չկա որևէ ուժ, որի համոզմունքների հետ հատվեն այս պատկերացումները։ Հետևաբար տարբերություն չկա, թե ով է Ադրբեջանում իշխանություն»։
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը 2019 թ. մարտի 18-ին հայտարարել էր, որ Արցախի վրա կախված է «աբխազացման վտանգը»։ Այս կապակցությամբ Խանումյանն ասաց, որ Արցախում ռուսական էմիսարների ակտիվ գործունեություն կար, և տեղի իշխանությունները հանդիպում էին նրանց հետ, և այս պատճառով հանրային անհանգստություն է եղել, որը ծայրահեղականացված ձևով արտահայտվել է «Սասնա ծռեր»-ի կողմից։
«Ես կարծում եմ, իրականում, այդպիսի վտանգ չկա։ Ուղղակի ռուսական որոշ շրջանակներ փորձել էին իրենց վատ պահել Արցախում և դրա արձագանքն էր»,- եզրափակեց ընդդիմադիր գործիչը։
Ֆրանսիական քաղաքների և արցախյան բնակավայրերի միջև հուշագրերի մասին
Հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի վարչական դատարանները վճիռներ էին կայացրել Ֆրանսիայի տարբեր քաղաքների և Արցախի բնակավայրերի միջև կնքված Բարեկամության հուշագրերը չեղարկելու մասին։
Իսկ, թե ինչի՞ արդյունք է դա, Խանումյանը պատասխանեց, որ ադրբեջանական լոբինգի ակտիվ աշխատանքի։ «Կարծում եմ, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության կողմից պրոֆեկտուրաներին փաստաթղթեր տրամադրելը, և հետագայում դրանց ընթացք տալը ֆրանսիական պետության կողմից թշնամական արարք էր Արցախի ժողովրդի նկատմամբ։ Ֆրանսիան արցախյան հարցով միջնորդ պետություն է, և դրանով Ադրբեջանի կողմն է պահում»,- նշեց Խանումյանը։
Ի տարբերություն իշխանությունների՝ ֆրանսիական համայնքները, Խանումյանի խոսքով, մնում են մեր բարեկամները, և ապաքաղաքականացված համագործակցությունը շարունակվում է կրթության, մշակութային, սպորտային և այլ հարցերի շուրջ. «Եթե ֆրանսիական գործադիր իշխանությունը սա չի ճանաչում, ապա նա ի՞նչ միջնորդ է կարող լինել Արցախյան հակամարտության հարցում։ Պետք է բավականին կոշտ արձագանքներ լինեն թե՛ Արցախից, թե՛ ՀՀ արտգործնախարարության և ՀՀ խորհրդարանականների կողմից, և այս հարցն այսպես չպետք է մնա»։
Իսկ, թե այլ ի՞նչ քայլեր են պետք ձեռնարկել՝ իրավիճակը շտկելու համար, ԱՎԿ ղեկավարն ասաց, որ ֆրանսիական համայնքները դիմում են Վերաքննիչ ատյաններ՝ որոշումները չեղարկելու համար, պատրաստակամություն հայտնելով, անկախ դատարանների որոշումներից, շարունակել համագործակցությունն Արցախի քաղաքների, գյուղերի հետ։
«Ակտիվորեն պետք է աշխատել՝ այլ քաղաքների հետ պայմանագրեր կնքելու, այլ երկրների համայնքների հետ համագործակցություն հաստատելու համար։ Մեզ համար դա ուղղակի գործունեություն է գաղափարական հողի վրա, իսկ Ադրբեջանի համար միլիոնավոր դոլարների ծախս է։ Թող անեն այդ ծախսերը»,- եզրափակեց նա։