Ո՞ր դեպքերում քաղաքացին պարտադիր պետք է այցելի Կադաստրի գրասենյակ
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում քննարկվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:
Նախագծերով առաջարկվում է վերացնել կնիքի պահանջը բոլոր այն փաստաթղթերում, որոնք տրամադրում է Անշարժ գույքի պետական ռեգիստրը: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը նշեց, որ կնիքի վերացման պատճառը առանց կադաստր այցելելու առցանց ստանալն է էլեկտրոնային համակարգի միջոցով կազմված և հաստատված ավարտական փաստաթղթերը:
«Առանց կնիքի, քանի որ փաստաթղթերի իսկությունը, իսկ գրանցման վկայականների դեպքում նաև՝ դրանց վավերականությունը կարող է ստուգվել անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով՝ փաստաթղթի համարը և փաստաթղթի իսկության համար նախատեսված գաղտնաբառի մուտքագրմամբ, արդյունքում կդյուրինացվի, կկրճատվի ավարտական փաստաթուղթ ստանալու քաղաքացու քայլերը, կկրճատվի քաղաքացիների ծախսած ժամանակը»,- պարզաբանեց Սարհատ Պետրոսյանը:
Մյուս փոփոխությունն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անվան մեջ փոփոխություն կատարելն է: Առաջարկվում է անշարժ գույք բառակապակցությունը հանել, և մարմինը անվանել Կադաստրի կոմիտե: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը ողջունեց առաջարկը և հետաքրքրվեց՝ կա՞ն բացառություններ, երբ քաղաքացին ստիպված է գնալ գրասենյակ: Ի պատասխան՝ Սարհատ Պետրոսյանը 2 հնարավոր տարբերակ առանձնացրեց, թե երբ քաղաքացին պարտադիր պետք է այցելի Կադաստրի գրասենյակ:
«Առաջինը, երբ գործարքը նոտարի մոտ կնքելուց հետո նոտարը մուտք չի անի համակարգ, և քաղաքացին կգնա Կադաստրի գրասենյակ՝ պետական գրանցում իրականացնելու համար: Երկրորդը, երբ քաղաքացին առք ու վաճառքի գործարքը կկնքի Կադաստրի գրասենյակում, այսինքն՝ առանց նոտարի այցելելու: Մնացած բոլոր դեպքերում փաստաթղթերը կստացվեն էլեկտրոնային տարբերակով»: