Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը դեմ լինելը չի նշանակում բռնության լեգիտիմացում. Արա Զոհրաբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄի խումբ փաստաբանների կողմից ստեղծվել է «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը» նախաձեռնություն։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց նախաձեռնության անդամ, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ Ստամբուլյան կոնվենցիան Հայաստանի համար վնասակար նախաձեռնություն է՝ անկախ նրանից, այն հի՞ն, թե՞ նոր իշխանության կողմից է իրագործվում։
Արա Զոհրաբյանը, անդրադառնալով այն քննադատություններին, թե ինչո՞ւ նախկինում դրա մասին չեն խոսել, երբ այն նախորդ կառավարության կողմից (2017 թ․ դեկտեմբերի 28-ին) հավանության է արժանացել, նշեց, որ մի խումբ փաստաբաններ, այդ թվում՝ ինքը, քննադատել են այդ օրենսդրական նախաձեռնությունը։
«Նույնիսկ եթե որևէ քաղաքացի կամ պաշտոնյա, անկախ որևէ պատճառից, չի խոսել այն ժամանակ, ապա չի կարելի հիմա նրան պիտակավորել, որովհետև այսօրվա իշխանությունը հռչակել է, որ ժողովրդի իրավունքների պաշտպանն է։ Հետևաբար, եթե որևէ մեկը նախկինում չի խոսել՝ վախի կամ այլ ազդեցության ներքո, ապա այսօր հանգիստ կարող է խոսել, և այդ առումով չի կարելի իրեն ասել, թե ինչո՞ւ այն ժամանակ չէիր խոսում»,- նկատեց Արա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ եթե իրենք դեմ են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, ապա դա դեռ չի նշանակում, որ բռնությունը լեգիմիտացնում են։ «Հակառակը՝ մենք դեմ ենք բռնությանը»,- վստահեցնում է նա։