Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Տնտեսվարողների նկատմամբ տուգանքի սանկցիան կիառվելու է ծայրահեղ դեպքում․ Դավիթ Անանյան (տեսանյութ)

 «Տնտեսվարողների նկատմամբ վարչարարությունն իրականացվում է հիմնականում մոնիթորինգային գործիքակազմով և տուգանքի սանկցիան կիառվելու է ծայրահեղ դեպքում: Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ խոսելով ՀԴՄ կիրառման խնդրի մասին:

Նրա խոսքով՝ ըստ էության, դա մնում է վերջին կիրառման ենթակա գործիք, որից իրենք այս պահին ձեռնպահ են մնում։ Վերջինիս խոսքով ինքը չի կարող իր ենթականերին հրահանգել տուգանք չկիրառել, բայց ունեն որոշակի հայեցողության իրավունք, երբ կա առաջնահերթության խնդիր պոտենցիալ օրինախախտ վճարողների առումով:

ՊԵԿ նախագահը նաև հերքեց այն տեղեկությունը, որ վարչապետն իրեն կանչել է ՀԴՄ սարքերի հետ կապված, և նշեց, որ այդ հարցին անդրադարձ է արվել աշխատանքային հերթական քննարկման ժամանակ, քանի որ հարցը հանրային հնչեղություն էր ստացել, իսկ հանրային կարծիքը ևս պետք է հաշվի առնել:

«Կան գերատեսչություններ, որոնք լավ աշխատելով միանշանակ վայելում են հանրության բերկրանքն ու ստանում են դափնիներ, կան գերատեսչություններ, որոնք լավ են աշխատում, բայց նրանց աշխատանքն ավելի շատ առաջացնում է հանրային դժգոհություններ: Մենք, իհարկե, երկրորդն ենք։ Վարչարարության կիրառման հարցում ՊԵԿ-ն իրավունք ունի հաշվի առնել հանրային կարծիքը»,- ասաց Դավիթ Անանյանը:

Անդրադառնալով նաև այն իրավիճակին, որ կառավարությունը կոչ է անում ներդրումներ անել ու բիզնես անել, բայց ներդրում իրականացրած տնտեսվարողները չեն կարողանում գործունեություն ծավելել ՀԴՄ չունենալու պատճառով, ՊԵԿ նախագահն անվանեց շարքային և տրամաբանական։ Դավիթ Անանյանը նշեց, որ այս տարվա փետրվարի դրությամբ ՀԴՄ ՊՈԱԿ-ն ունեցել է 13 500 ՀԴՄ՝ 3300 հայտի պայմաններում և մտածել են, որ մինչև հոկտեմբեր դա կբավականացնի, մինչև բիզնեսը կսկսի ՀԴՄ-ներ ներկրել:

«Այսօր 9 կազմակերպություններ ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ և վստահեցնում են, որ առաջին խմբաքանակը սեպտեմբերի երկրորդ կեսին հասանելի կլինի, իսկ գինը կտատանվի 100-120 հազար դրամի սահմաններում։ Պետությունը չի կարող դրանք սուբսիդավորել, բիզնեսի ակտիվների նկատմամբ այդպիսի որոշում կայացնելը խելամիտ չի»,- ասաց Դավիթ Անանյանը:

Վերջինիս խոսքով՝ ՀԴՄ սարքերի պահանջարկն այս պահին գրեթե 10 հազար է, և նոր բացված բիզնեսները կարող են աշխատել առանց ՀԴՄ սարքերի, ՊԵԿ-ը ձեռնպահ կմնա տուգանելուց, բայց կլինեն այցեր և կիրականացվի վարչարարություն։ «Եթե ինքն իր գործունեության արդյունքները ճիշտ արձանագրի, մենք այս պահին տուգանք չենք կիրառի: Մեր մասնագետները այցելություններ են անելու, խրոնոմետրաժ, օրական հասույթներն են պարզելու և այլն»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում։