Բացել լրահոսը Փակել լրահոսը
komunist
A A
Քաղաքականություն

Չգայթակղվել Արևմուտքի փաղաքշանքներից. ՀԿԿ հայտարարությունը

Օրըստօրե Հայաստանում խորանում է սոցիալ-քաղաքական ճգնաժամը և կառավարությունը փոխանակ աշխատի վերացնել այն, ավելի է յուղ լցնում կրակի վրա։ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը հանդիսանալով պետական շինարարության կողմնակից, որի անբաժանելի և ահռելի մասն են կազմում հայ-ռուսական հարաբերությունները, խորապես անհանգստացած է վերջին շրջանում կատարվող իրադարձություններից։

Իր հակահայկական գործունեությամբ հայտնի  Շիշկինին քաղաքական ապաստան տալը, անդառնալի  սորոսական Դանիել Իոաննիսյանի լկտի գրառումներն ու նրան պետական միջոցներով Արցախ ուղարկելը ամենաուղղակի հարված են հասցնում մեր երկու պետությունների դարավոր բարեկամությանը։ Դե իսկ արդեն ֆրանսիական պարբերականին տված վարչապետի հարցազրույցը, որտեղ նա փորձ էր անում անսալով Բոլթոնի խորհրդին ազատվել <<պատմական կաղապարներից>>, ոչ այլ ինչ է, եթե ոչ գործող ռումբ հայ-ռուսական հարաբերությունների հիմքում։

    ԱՄՆը և միացյալ Արևմուտքը, իրենց պատժիչ կառույց ՆԱՏՕի հետ, երբեք խաղաղություն և բարօրություն չեն բերել և ոչ մի երկրի, այլ ճիշտ հակառակը, միշտ օգտվելով պետությունների կարիքից, նրանք իրագործել են իրենց ստոր ծրագրերը ազատական բարեփոխումների անվան տակ, որի վառ օրինակն են Հարավսլավիան, Իրաքը, Լիբիան, Սիրիան, ՈՒկրաինան ու Վրաստանը ։ Նման բարեփոխումներն ու <<պատմական կաղապարներից>> ազատվելը քարուքանդ են անում պետության պաշտպանիչ վահանը, վերացնում են սոցիալական երաշխիքները, աշխատավոր զանգվածներին նետում են աղքատության ու թշվառության ճիրանները, երկիրը դարձնելով համաշխարհային կապիտալի անպաշտպան զոհը, հղի իր կործանարար հետևանքներով։

    Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը մեկ անգամ ևս հորդորում է կառավարությանը՝ հավատարիմ մնալով հայ մեծերի պատգամին, ամուր պահել մեր անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող հայ-ռուսական հարաբերությունները և չգայթակղվել Արևմուտքի փաղաքշանքներից։

                                                                                   

ք․Երևան   05․09․2019թ