Նիկոլ Փաշինյանը միշտ չէ, որ հույսը դնում է իր քաղաքական ուժի վրա․ քաղտեխնոլոգ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը միշտ չէ, որ հույսը դնում է իր քաղաքական ուժի վրա։
Եվ դա նա բացատրում է Արցախի ՏԻՄ ընտրություններում «Տրանսփարենսի ինթերնեյշնլ», «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունների ներգրավմամբ, երեկ «Սասնա ծռեր»-ից Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հետ հանդիպումով։
Ամենագլխավոր խնդիրն արտաքին քաղաքականությունում, ըստ Հակոբյանի, այն է, որ ՀՀ արտաքին գործընկերները չեն հասկանում, թե ինչ են ուզում ՀՀ ներկայիս իշխանությունները։
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը պայմանավորված էր Ամուլսարի խնդրից շեղումով, նա պատասխանեց, որ չի բացառվում։ Նա հավելեց, որ նույնիսկ երեկվա Հայաստան-Իտալիա խաղի ժամանակ Փաշինյանը գրառումներ էր կատարում՝ լցնելով լրատվական դաշտը։
Սակայն, քաղտեխնոլոգի համոզմամբ, Խաչատրյանի ձերբակալությունն ունեցել է ընդամենը 1,5 օրվա ազդեցություն, իսկ անցյալ տարվա սկսված էյֆորիան արդեն իսկ ապրիլ ամսին մարել է, և ժողովուրդն ապրում է իր բնականոն ու սովորական կյանքով։
«Այսօրվա ՓիԱռ գործիքակազմն էլ էֆեկտիվ չէ, որովհետև ժամանավրեպ է», - ընդգծեց նա։
Խոսելով «Թեժ աշնան» մասին Հակոբյանն ասաց, որ այն պայմանավորված կլինի դեռևս չլուծված խնդիրներով. Ամուլսարի և ներդրումների հարց, Ստամբուլյան կոնվենցիա և այլն։
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Հայաստանում տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը։
Հակոբյանի խոսքով՝ մինչ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանը գալը, Ռոբերտ Քոչարյանն ազատությանն մեջ կլինի։