Բացել լրահոսը Փակել լրահոսը
alaverdu-pgndzdzulakan-gortsaran-634x445
A A
Մարզեր

Ինչպե՞ս է Ալավերդու պղնձաձուլարանն ազդում տեղի բնակչության առողջության վրա․ քննարկում (տեսանյութ)

Եթե հանքարդյունաբերությունը ոչ մի ազդեցություն չունի մարդկանց առողջության վրա, ապա ինչո՞ւ է կառավարությունը հատուկ գումար տրամադրում քաղաքին, որի 30 տոկոսը առողջական խնդիրների վերականգնման համար է, 70 տոկոսը՝ բնության վերականգնման։ Այս մասին այսօր Ալավերդիում տեղի ունեցած «Ալավերդու պղնձաձուլարանի ազդեցությունը մարդկանց առողջության վրա» թեմայով քննարկման ժամանակ ասաց Լոռու մարզի Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի նախագահ Օլեգ Դուրգարյանը։

Բանախոսներից լրագրող Նելլի Ռաֆայելյանը համեմատեց Ալավերդու և նմանատիպ տվյալներ ունեցող Սպիտակ և Ստեփանավան քաղաքների՝  բնակչության շրջանում տարբեր հիվանդություններ ունեցող մարդկանց թվերը։ Լրագրողը տվյալները վերցրել էր Առողջապահության ազգային ինստիտուտից։

Համաձայն այդ տվյալների՝ սրտանոթային հիվանդություններ ունեցողների թիվը Ալավերդիում անցնում է 4000-ից, այնինչ Սպիտակում և Ստեփանավանում այդ թիվը չի հասնում երկու հազարի։ Շնչառական, մարսողական, միզասեռական և այլ հիվանդությունների դեպքերում էլ Ալավերդիում գրանցված թվերը մյուս երկու քաղաքներին գերազանցում են 2 անգամ։

Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը չցանկացավ քննադատել իր կոլեգաներին, սակայն վստահություն չհայտնեց այդ թվերին՝ ասելով, որ դրանք ոչ միշտ են ճշգրիտ։ Ըստ նրա՝ անպայման չէ այդ թվերը կապել  հանքարդյունաբերության հետ։

«Օրինակ՝ մեզ մոտ մի քանի տարվա ընթացքում քաղցկեղով հիվանդների թիվը 300-ից աճել է 700-ի, սակայն դա ապրող հիվանդների թիվն է, և նշանակում է, որ պարզապես առաջ հիվանդները ավելի շուտ էին մահանում ՝ ժամանակին բուժում չստանալու պատճառով»։

Քննարկման ընթացքում խոսվեց նաև այն մասին, որ սննդի մեջ կարող են թափանցած լինել քիմիական վտանգավոր տարրեր։ Օլեգ Դուրգարյանը նշեց, որ  Լոռու մարզում շատերը մահանում են ստամոքսի հիվանդություններից, այնինչ Հայաստանի այլ վայրերում  ստամոքսի հիվանդությունները տարածվածությամբ յոթ կամ ութերորդ տեղում են։ Բանախոսը  պատմեց իր ծանոթներից մեկի մասին, ով վերջերս պետք է ձու մատակարարեր Երևանի սուպերմարկետներին, ապրանքը, սակայն, չի ընդունվել խանութների կողմից։ Այս դեպքը նա նույնպես կապում է սննդում առկա այլ տարրերի հետ, և ասում, որ հանքարդյունաբերությունը ազդում է նաև տնտեսության այլ ճյուղերի վրա։

Լրագրող Նելլի Ռաֆայելյանն էլ նշեց, որ պղնձի արդյունաբերությունը շատ եկամտաբեր է, և Ալավերդին պետք շատ հարուստ քաղաք լիներ, որպեսզի հանքարդյունաբերության պատճառով առողջությունը վնասած մարդիկ կարողանային պատշաճ բուժում ստանալ։

Այնինչ պատկերը այլ է, ըստ նրա՝ մարդիկ բողոքում են աղքատությունից, արտագաղթում այդ պատճառով։