Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Ընտանիքներով լքել են գյուղը․ Լոռու մարզի Շիրակամուտ համայնքի խնդիրներն ու առօրյան (տեսանյութ)

Լոռի թվ

83 ամյա Գոհար տատը Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում է ապրում:  Լավ պաշտոններ է ունեցել Գոհար Հարությունյանը, 50 տարվա մանկավարժական ստաժ՝ որից 30-ը Շիրակամուտի դպրոցին է նվիրել: Երևանում լավ աշխատանքը թողել, մոր խնդրանքով վերադարձել է գյուղ ու այսօր միայնակ է ապրում: Քրոջ ընտանիքն է օգնում, հասնում՝ երբ կարիք կա:

Գյուղի ու տնակներում ապրող համագյուղացիների դարդ ու ցավն իրենն է համարում: «Գյուղի խանութից ապառիկով ուտելիք եմ վերցնում, թոշակ նպաստին տալիս»-ամաչելով ասում է վաստակաշատ մանկավարժը:

Լոռու մարզի Շիրակամուտ գյուղը 1800 բնակիչ ունի, ժամանակին արդյունաբերական գյուղ է եղել: Այժմ մարդկանց մտահոգության թիվ 1 թեման գյուղի նոսրացող բնակչությունն է ու գյուղամիջյան վատ ճանապարհները:

Աշխատանք չլինելու պատճառով շատերն են ընտանիքներով լքել գյուղը: Շուրջ 40 %-ով նվազել է բնակչությունը, բոլորը դրսում են բարեկեցություն փնտրում: «Խմելու ջրագծերի սպասարկումն է ամենացավոտը: Այս հարցում համայնքը միայնակ է»,- ասում է գյուղապետ Աշոտ Երանոսյանը:

Գյուղում ոչ ավանդական կուլտուրաների մշակության ու տուրիզմի զարգացման հեռանկար է տեսնում գյուղապետը: Աղետի հետևանքով բնակարան կորցրած 10 շահառուների բնակարանային հարցը մինչև 2020 թվականը լուծում կստանա:

Գյուղապետին 15 մլնդրամի հասնող կուտակված ապառքների խնդիրն է մտահոգում, որ ժառանգություն է ստացել իր նախորդից:

Դատական կարգով վերադարձն այնքան էլ իրատեսական չէ: Պարտքեր ունեցողների մեծ մասն արտերկրում են, իսկ դատական պրոցեսն ինքնին ծախսեր է ենթադրում: Խնդրի հստակ լուծումն առայժմ չի տեսնում, բայց առաջարկներ ունի:

Առաջիկա խոշորացման հեռանկարով առանձնապես ոգևորված չէ Երանոսյանը՝ թեև Շիրակամուտը Կաթնաջուր, Գեղասար, Գոգարան, Սարահարթ գյուղերի կենտրոնն է լինելու: Առաջադրվելու մասին դեռ վաղ է խոսելը:

Առայժմ ոչ լավն է լսել խոշորացման մասին, ոչ վատը: