«Իմ քայլը» Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմքերն է ներկայացնում
Աջակցիր «Ա1+»-ինՍահմանադրական դատարանի դատավո՞ր, թե անդամ․․․ ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագծի հիմնական զեկուցող «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը պետաիրավական հանձնաժողովի նիստում զեկուցումը սկսում է այդ բառակապակցությունները բացատրելով։
«Հաշվի առնելով, որ սույն դիմումի ներկայացմամբ այն տարբեր մասնագետների կողմից տարբեր կարծիքներ են արտահայտվում ՍԴ դատավոր և ՍԴ անդամ եզրույթների և դրանց փոխհարաբերությունների վերաբերյալ՝ ԱԺ-ն չի ցանկանում կարծիք հայտնել սույն փաստաթղթով, ուստի սույն դիմումի շրջանակներում տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար ՍԴ անդամ և ՍԴ դատավոր եզրույթները կօգտագործվեն որպես հոմանիշներ»,- պարզաբանեց Սուրեն Գրիգորյանը։
Ինչո՞ւ է «Իմ քայլը» խմբակցությունը անհրաժեշտ համարում այս հարցով դիմել Ազգային ժողովին․ ըստ հիմնական զեկուցողի՝ 4 հիմք կա դրա համար։ Օրինակ՝ Հրայր Թովմասյանը մինչև ՍԴ անդամ դառնալը եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ և 2010-ից ի վեր՝ Հայաստանի Հանրապետությունում զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ։
«Մեզ համար գաղտնիք չէ, որ Հանրապետական կուսակցությունը ինչպիսի փոխկապակցված շահեր ունի նշածս վարույթով դիմումատու Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ըստ էության՝ պարոն Քոչարյանին Հանրապետական կուսակցությունը սատարել է ՀՀ նախագահ ընտրվելիս, բայց երբ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց, ԱԺ Հայաստանի Հանրապետական խմբակցության մի շարք պատգամավորներ անձնական երաշխավորագիր ներկայացրեցին նրա խափանման միջոցը փոխելու համար։ Բացի այդ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին ծննդյան շնորհավորական ուղերձ է հղել ՍԴ կողմից որոշում կայացնելուց ընդամենը 4 օր առաջ։ Իհարկե, հասկանում ենք, թե ինչո՞ւ է շնորհավորել այդ օրը, սակայն տեքստի բովանդակությունը՝ Հանրապետական կուսակցությունը շարունակում է սատարել Ռոբերտ Քոչարյանին»,- առաջին հիմքը ներկայացնելով՝ ասաց Սուրեն Գրիգորյանը։