Համայնքի միջոցներով՝ հարկերի հավաքագրման բարձր ցուցանիշներ. Գոգարանի գյուղապետը դիմել է կեղծիքների (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳոգարանցի Արմեն Անտոնյանը շուրջ 40 տարի է՝աղավնիներ է պահում: Անբացատրելի նախասիրություն է, քչերն են հասկանում: 1-ին դասարանում 1 զույգ են նվիրել ու մինչ օրս անբաժան է աղավնիներից: Անգամ ՌԴ-ում, ուր մեկնում է սեզոնային արտագնա աշխատանքի, աղավնիներ է պահում:
Թռչունների վարքագիծը հասկանում է ամենայն ճշգրտությամբ՝ սիրային խաղերից ու խանդի տեսարաններից մինչև ճախր: Աղավնիներից հեռանում` գյուղի դարդ ու ցավից ենք հարցնում: Արմենը խոշորացումից է խոսում: Ասում է, որ իր կարծիքով, առանձին մնալն է ճիշտ, այդպես ավելի հարմար է:
Գյուղը ջրպետ չունի, այդ պատճառով էլ ջրի բաշխումը հաճախ անարդար է լինում,-ասում է Մայիս Այվազյանը, ով սկզբում կտրականապես հրաժարվում է խոսել տեսախցիկի առջև՝ ասելով, թե հոգնել է ցուցմունք տալուց: Հետո, երբ տեղեկանում է զրույցի թեմայից, սկսում հերթականությամբ թվարկել գյուղի խնդիրները: 1300 բնակիչ ունի Գոգարան համայնքը: Համայնքապետարանի հաշվապահ Գրիշա Ղազարյանի խոսքերով ամիսներ առաջ գյուղում հանդիպում է եղել խոշորացման թեմայով: Բնակիչները դժգոհ են եղել, հանդիպումը խառնաշփոթի է վերածվել: Ի տարբերություն համագյուղացիների, Ռազմիկ Աշուղյանը խոշորացմանը կողմ է:
Մտածում է, որ դրանից գյուղը կշահի: Թե ինչով՝ դժվարանում է ասել, բայց և տխրում, որ գյուղում զբաղվածություն չլինելու պատճառով՝ որդիները ստիպված արտագնա աշխատանքի են մեկնում: Օրեր առաջ փոքր որդուն է ճանապարհել ՌԴ: Գոգարանում բոլորը զգուշավոր են արտահայտվում, ճշտում՝ ի՞նչ նպատակով ենք գյուղ եկել, ի՞նչ նկարահանումներ ենք կատարում: Գյուղապետի հետ նախապես պայմանավորվել էինք, սակայն անհապաղ գործերը Արթուր Գալոյանին տարել էին մարզպետարան: Հեռախոսազրույցից պարզվեց՝ Ջրաշենում է և ուշ է վերադառնալու:
Համացանցում որոնումները մեզ տարան ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայք, որտեղից տեղեկացանք, որ ոստիկանության Սպիտակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գոգարան համայնքի ղեկավարը համայնքի բնակիչների նյութական բարեկցությանը նպաստելու խմբային շահերից ելնելով, կեղծելով համայնքի ավագանու որոշումները, կազմել է համայնքի բնակիչներին սոցիալական օգնություններ տրամադրելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր:
Նույն ընթացքում համայնքի ղեկավարը, հողի հարկերի հավաքագրման բարձր ցուցանիշներ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի շուրջ 14 բնակիչների առաջարկել է սոցիալական օգնություն ստանալու համար դիմում ներկայացնել և ստացվելիք գումարով կատարել հողի հարկի գծով կուտակված հարկային պարտավորությունները:
Ապա նշված անձանց դիմումները ներկայացնելով ավագանու քննարկմանը և ստանալով համաձայնություն՝ նրանց անվամբ որպես սոցիալական օգնություն համայնքի բյուջեից դուրս գրված գումարներն ամբողջությամբ որպես հողի հարկի գծով կուտակված հարկային պարտավորությունների կատարում՝ մուտքագրել է համայնքի բյուջե:
Արդյունքում հողօգտագործողների կողմից համայնքի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները մարվել են հենց համայնքի միջոցներով՝ այդ կերպ համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս։