Ստեղծվեց նաև քաղաքական արժեք․ քաղաքագետը՝ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Փաշինյանի այցի ժամանակ նահանգային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ բավական ծավալուն երկխոսություն ծավալվեց։ Մենք ականատես եղանք, որ Կալիֆորնիայի նահանգային իշխանության հետ կնքվեց շրջանակային համաձայնագիր, որը ենթադրում է տարբեր ոլորտներում համագործակցություն, խորհրդատվություն և փորձի փոխանակում»,- ամփոփելով վարչապետի այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ ասաց քաղաքագետ Նարեկ Մինասյանը։
Նրա կարծիքով՝ նահանգային իշխանությունների հետ հարաբերությունների զարգացումը չի կարող ազդեցություն չունենալ հայ-ամերիկյան ընդհանուր հարաբերությունների զարգացման վրա։
Քաղաքագետը այցը կարևորում է նաև հայրենիք-սփյուռք հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։
«Հեղափոխությունից հետո լուրջ սպասում կար ամերիկահայերի մոտ՝ Փաշինյանի հետ հանդիպելու։ Հանրահավաքի արդյունքում ստեղծվեց նաև քաղաքական արժեք՝ ցույց տվեց հայկական համայնքի միասնականությունը, չեմ կարծում, որ օտարերկրյա ղեկավար նման ծավալի հանրահավաք կանցկացներ»։
Ըստ Լոս Անջելեսի հրշեջ ծառայության կայքի տվյալների՝ մասնակիցների թիվը ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի ժամանակ հասնում էր 18-ից 20 հազարի։
Նարեկ Մինասյանը նշեց նաև, որ Ադրբեջանը որոշ լոբբիստական կառույցների միջոցով փորձում էր տապալել այդ հանրահավաքը, ինչը, սակայն, նրանց չհաջողվեց։
Ամերիկյան այցը աչքի ընկավ նաև արցախյան հակամարտության հարցի որոշակի զարգացումներով։ Քաղաքագետն ընդգծեց մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը, որը համանախագահների նախաձեռնությամբ և մասնակցությամբ այս տարվա ընթացքում արդեն 4-րդն էր։
«Այս հանդիպումներից լուրջ ակնկալիքներ չկան, դրանց հիմնական նպատակն է հենց բանակցային մթնոլորտի ձևավորումը»։
Սակայն քաղաքագետը նշում է, որ հանդիպման նախօրեին սահմանին կատարված միջադեպը վկայում է, որ առկա են լարվածության ռիսկեր։
«Վարչապետը ելույթի ընթացքում էլ հակազդեց այն թեզին, որ հայկական կողմը կառուցողական չէ բանակցային գործընթացներում»,- ասաց քաղաքագետը՝ նշելով,որ ելույթի ընթացքում հստակեցվեց, որ հայկական կողմից եղել են հստակ մեսիջներ, սակայն ադրբեջանական կողմը չի արձագանքել դրանց և շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը։