Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արայիկ Հարությունյան
A A
Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանը՝ բոլոր ռեկտորների ատենախոսությունները ստուգելու պատգամավորի առաջարկության մասին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն օրեր առաջ դիմել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, որպեսզի կառույցը նախաձեռնի գործընթաց, որով ՀՀ բոլոր բուհերի ռեկտորների դոկտորոկանները կուսումնասիրի: Նախարարության տված պատասխանը չէր գոհացրել Անի Սամսոնյանին:

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Անի Սամսոնյանը, ԿԳՄՍ նախարարին դիմելով, նշեց, որ իր ձեռքի տակ փաստեր ունի, որ Ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Գագիկ Խաչատրյանի ատենախոսության մեջ կա գրագողություն: Անի Սամսոնյանը նաև խոսեց Տնտեսագիտական համալսարանի նախկին և ներկա ռեկտորների պաշտոնակատարների ատենախոսություններում գրագրողության մասին:

Նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ պետությունը լիազորություն չունի անցկացնելու արդեն իսկ պաշտպանված ատենախոսությունների ուսումնասիրություն, եթե կոնկրետ փաստեր չկան ատենախոսության վերաբերյալ: Ինչ վերաբերում է Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսությանը, ապա մի քանի օր առաջ Արայիկ Հարությունյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը առաջիկա օրերին կտա իր եզրակացությունը:

«Մենք այստեղ ունենք համակարգային լուծման հարց, այն քննարկել ենք պրոֆիլային հանձնաժողովում, և մի քանի տարբերակներ կան, առաջարկություններ կան, որ մինչև հիմա գրված բոլոր ատենախոսություններին անդրադառնանք կամ գիծ քաշենք և ասենք, որ այսուհետ բոլոր պաշտպանվելիք ատենախոսությունները համապատասխան համակարգի միջոցով են գրաքննվելու: Այս պահին մեր նախարարությունը չունի նման լիազորություններ հետ գնալու և ատենախոսությունները նորից ուսումնասիրելու և զրկելու աստիճանից տվյալ գիտնականին, բայց, եթե կոնկրետ փաստեր կան, ուսումնասիրվում են, և դրանք վեր են հանվում»,- ընդգծեց նախարարը: