Բացել լրահոսը Փակել լրահոսը
file_39109_5768595
A A
Պաշտոնական

Հայաստանում Ալցհայմերի հիվանդություն ունեցող անձանց թիվը տարեցտարի ավելանում է

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը , ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ, Նորքի տուն-ինտերնատում այսօր ազդարարում է Հիշողության ակումբի բացումը: 

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության նախագահ, ծերաբույժ Ջեյն Լ. Մահակյանի նախաձեռնած «Հիշողության ակումբը» նախատեսված է հիշողության հետ կապված խնդիրներ ունեցող տարեցների համար: Դրա նպատակն է ուղեղի ակտիվացման և հատուկ վարժությունների միջոցով զարգացնել հիշողության կորուստ ունեցող տարեցների ճանաչողական, տարածքում կողմնորոշվելու և շատ հաճախ թուլացած խոսակցական հմտությունները: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անգամ մեծ ընտանիքներում ապրող տարեց մարդիկ այս խնդիրների պատճառով մեկուսանում են, ինչն էլ կարող է հանգեցնել ընդհուպ մինչև դեպրեսիայի: Ճանաչողական և խթանող վարժություններն ու նպատակային գործունեությունը հիշողության կորուստ ունեցող տարեցների բուժման և նրանց կյանքի որակի բարելավման առումով կարևոր գործոններ են: 

Համանման փորձնական եռամսյա ծրագիր «Ալցհայմերի խնամք 

Հայաստան»-ը հաջողությամբ իրականացրել է նաև գարնանը Վանաձորում «Օրրան» բարեգործական ՀԿ-ի, Հայրենիքի զարգացման նախաձեռնություն հիմնադրամի և Վորչեսթերի պոլիտեխնիկական ինստիտուտի հետ համատեղ: 

«Հայաստանում ծերունական թուլամտությունը հաճախ բուժվում է այնպես ինչպես հոգեկան առողջության հետ կապված հիվանդությունները: Մեր արդեն իրականություն դարձած երկու ծրագրերի և մյուս նախաձեռնությունների շնորհիվ ի վերջո բարելավվելու է Ալցհայմերի հիվանդություն կամ ծերունական թուլամտության այլ տեսակներ ունեցող տարեցների և նրանց հարազատների կյանքը»,- վստահեցնում է ծերաբույժ Ջեյն Մահաքյանը:

Տեղեկացնենք, որ «Ալցհայմերի խնամք Հայաստան»-ի մեկ այլ սպասված ծրագիր՝ խորհրդատվական օգնության հեռախոսակապը, գործում է արդեն սեպտեմբերից: Հեռախոսակապը նախատեսված է Ալցհայմերի հիվանդություն կամ ծերունական թուլամտության որևէ այլ տեսակ ունեցող անձանց ընտանիքների անդամների, հարազատների և խնամատարների համար:  

Հատուկ վերապատրաստում անցած մասնագետները երկուշաբթիից ուրբաթ խորհրդատվական աջակցություն են տրամադրում դիմողներին: Գաղտնիությունը երաշխավորվում է: Կապ հաստատելով մասնագետի հետ՝ շահառուները խնամքի խորհրդատուից կարող են ուղղորդում և աջակցություն ստանալ ճգնաժամային իրավիճակներում՝  դիմակայելու այն մարտահրավերներին, որոնց բախվում են հիշողության կորուստ ունեցող անձանց խնամելիս: Զանգահարողները տեղեկություն են ստանում նաև Հայաստանում առկա ծրագրերի ու տրամադրվող ծառայությունների, առողջապահական ոլորտի տեղի մասնագետների մասին: 

Նշենք, որ Հայաստանում Ալցհայմերի հիվանդություն ունեցող անձանց թիվը տարեցտարի ավելանում է: ՀՀ բնակչության 14 տոկոսը՝ 420 000 մարդ, 63-ն անց են. նրանցից ընդաենը 48 000-ն են աշխատում: Հայաստանի 5 պետական տուն-ինտերնատներում բնակվում է 1210 տարեց, որոնց խնամքը կազմակերպելու համար այս տարի հատկացվել է 2 մլրդ 148 մլն դրամ: Բացի այդ, 4900 տարեցների համար տնային խնամք է իրականացվում: Այս ոլորտում ախտորոշման, խնամքի ու բուժման վերաբերյալ տեղեկատվության պակասը լուրջ մարտահրավեր է այն մարդկանց համար, ովքեր ունեն հիվանդ հարազատ:  

  «Ալցհայմերի խնամք Հայաստան»-ը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով մեր երկրում բարձրացնել այս հիվանդության վերաբերյալ հանրայի իրազեկման մակարդակը և զարգացնել մարդկանց բուժման ու խնամքի կարողությունները: Ալցհայմերի հիվանդություն ունեցող անձանց խնամքի խորհրդատվական օգնություն և ծրագրերի մասին մանրամասներ կարող եք ստանալ՝ զանգահարելով աշխատանքային օրերին ժամը 09:00-ից 18:00-ն (+374) 96 777 902 հեռախոսահամարով: 

                            
«Ալցհայմերի խնամք Հայաստան»