Որպես ժողովուրդ, հանճարեղ եք և իսկապես սիլիկոնյան հովիտ եք․ Իվոն Չիուն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես սիրում եմ ձեզ։ Դուք իսկապես մեծ տաղանդ ունեք, որպես ժողովուրդ, հանճարեղ եք և իսկապես սիլիկոնյան հովիտ եք»,-ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայության համաշխարհային դաշինքի (WITSA) նախագահ Իվոն Չիուն։
Նրա խոսքով, զարմացած էր տեսնելով, թե ինչ երիտասարդ են պետական այրերը, քանի որ այլ երկրներում ավելի տարիքով պետական այրերի հետ է շփվել։
«Չեմ ասի, որ դա վատ է, քանի որ տարիքով մարդիկ ունեն փորձ և գիտելիքներ, սակայն հայերը ժողովուրդ են, որ ունեն երիտասարդ տաղանդներ»,- ասաց Իվոն Չիուն։
Այսօր WCIT 2019-ի շրջանակում Իվոն Չիուն և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպեցին լրագրողների հետ։
Փոխվարչապետի խոսքով, ամենակարևորը, որ պետք է քաղել այս միջոցառումից՝ կապերն են, որ մեր ընկերությունների ներկայացուցիչները կարող են ձեռք բերել։
«Համոզված եմ, որ արտասահմանյան շատ ընկերություններ հետաքրքրված կարող են լինել Հայաստանում ներդրումներ անելու ուղղությամբ, այնուամենայնիվ, կարող եմ ասել, թե մեր տնային աշխատանքը ինչը պետք է լինի»։
Ավինյանի խոսքո, նախ կրթական ծրագրերն են և կոդավորումը պետք է սկսել սովորել փոքր տարիքից։
Արտասահմանյան լրատվամիջոցներից մեկի հարցին, թե 2018 թվականի թավշյա հեղափոխությունը որքանով էր կապված ՏՏ ոլորտի զարգացած լինելու հետ, փոխվարչապետը պատասխանեց․
«Հեղափոխության հիմնական հաջողությունը կապված էր ապակենտրոնացման հետ։ Սա նոր տրամաբանություն էր, որը չուներ կենտրոնական կառավարում և անվերահսկելի էր»։
Հարց հնչեց նաև հայկական ՏՏ ոլորտում ռուսական ներդրումների մասին։ Փոխվարչապետը, սակայն, ռուսական կողմի ներդրման մասին որևէ բան չկարողացավ մտաբերել։ Սակայն չժխտեց, որ խորհրդային ժամանակահատվածից Հայաստանն ուներ բավականին լուրջ ժառանգություն այս ոլորտում և արտադրվում էին, իրապես բարձր տեխնոլոգիական արտադրանքներ։ Նշեց նաև, որ կրթական համակարգը ևս սովետական տարիների ժառանգություն է։