Սոնա Աղեկյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանից հենց այսօր անդրադառնալ «Հայելի» ակումբի դեպքին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Երևանի այլընտրանքային քաղաքապետարանի» նախաձեռնող թիմը «Հայելի» մամուլի ակումբի մոտ էր։
Որոշել են ասուլիս տալ՝ հաշվի առնելով հոկտեմբերի 5-ին մի խումբ անձանց (Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը, Հայկ Ստեփանյանը) հարձակումը ակումբի վրա։
Նախաձեռնության անդամ, հասարակական գործիչ Սոնա Աղեկյանը, միջադեպին անդրադառնալով, ասաց, որ դատապարտելի է, երբ որ մամուլի հանդեպ ոտնձգություն է լինում։
«Պարո՛ն Նիկոլ Փաշինյան, Դուք այս պահին ՀՀ իշխանութան միակ ղեկավարն եք, դիկտատորը։ Ձեր ամենամտերիմ անձանցից մեկը (Աղեկյանը ցույց է տալիս նկարը, որում Սարգիս Մանուկյանն է – հեղ․) հոկտեմբերի 16-ին, երբ որ Շենգավիթ վարչական շրջանում, Բագրատունյաց պողոտայում արձանագրում էինք կեղտի ու գարշահոտության աննախադեպ քանակը, այս անձն ալկոհոլի ազդեցության տակ մոտեցավ և սադրիչ գործողություններ էր իրականացնում «Այլընտրանքային քաղաքապետարանի» թիմի հանդեպ»,- նշեց Աղեկյանը։
Ակտիվիստի փոխանցմամբ՝ Սարգիս Մանուկյանի գործողությունները մնացին անհետևանք, ու նույն անձի մասնակցությամբ տեղի ունեցավ «Հայելի» ակումբի վրա հարձակումը։ Նա հարցադրում արեց Փաշինյանին, թե արդյոք Մանուկյանը կալանավորվա՞ծ է։ Ըստ Աղեկյանի՝ եթե նա կալանավորված չէ, ապա վարչապետի հովանավորչություն է օգտագործում, որպեսզի կատարի այս կամ այն սադրիչ գործողությունը նրա դեմ, որը կփորձի իրականությունը ներկայացնել իրական գույներով։
«Որտե՞ղ էր այս Սարգիս կոչեցյալը, որը հայրենասերի անվան տակ է հանդես գալիս, երբ որ Դուք (Նիկոլ Փաշինյան – հեղ․) վերելակներում մտերմիկ զրույցներ էիք ունենում Ալիևների հետ և վերելակից դուրս էիք գալիս ու հայտարարում՝ «Ալիևը բավականին կիրթ, ինտելեկտով հարուստ անձնավորություն է»։ Որտե՞ղ էր այս անձը, երբ որ Դուք հայտարարեցիք՝ «Զարմանում եմ ինչո՞ւ օկուպացված տարածքները պետք է լինեն Հայաստանի իշխանության ներքո», որտե՞ղ էին այս անձինք, երբ որ Քառօրյա պատերազմում մեր մատղաշ երեխաները զոհում էին իրենց կյանքը և անձնազոհաբար մեզ նվիրում խաղաղ երկինք․ որտե՞ղ էին՝ իրենց աթոռների, մահճակալների տա՞կ էին, վախեցա՞ծ էին»,- շարունակեց Սոնա Աղեկյանը։
Աղեկյանը պահանջեց Նիկոլ Փաշինյանից հենց այսօր անդրադառնալ «Հայելի» ակումբի դեպքին և ոստիկանության ուշադրությունը սևեռել հարձակվողների վրա։ Բոլոր նրանք, ըստ հասարակական գործչի, ովքեր կփորձեն սահմանափակել խոսքի, մամուլի ազատության իրավունքը, պետք է դատապարտվեն, այլապես՝ սա նշանակում է, որ իշխանությունները փորձում են դիկտատորական ռեժիմ սահմանել։
Նա չբացառեց, որ սա կարող կապ ունենալ «Հայելի» ակումբի ղեկավար, լրագորղ, հաղորդավար Անժելա Թովմասյանի եղբոր՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անձի հետ։
«Հուլիսի 8-ից ես և մեր թիմի բոլոր անդամները ենթարկվել ենք բռնաճնշումների մեր քաղաքական հայացքների համար, և արդեն ցավալի է, որ սկսել են հանցագործություններով «Հայելի» ակումբը լռեցնել»,- շեշտեց նա։