Օրենսդիր և գործադիր մարմիններում կանանց ներկայացվածությունը բավականին տուժում է․ ԱԺ փոխնախագահ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ քաղաքականության մեջ կանանց ներգրավվածությանը։
Այսօր «Օպերա Սյութ» հյուրանոցում կազմակերպվել էր քննարկում քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության մասին։
Քննարկմանը մասնակցում են Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) տնօրեն Ժերոմ Լեյրոն, հիմնադրամի ընտրությունների ավագ մասնագետ Աղասի Եսայանը, Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Սրբուհի Գրիգորյանը, Երևանի ավագանու անդամներ, քաղաքական, հասարակական գործիչներ։
«Եթե նայում ենք վիճակագրությանը, օրենսդիր և գործադիր մարմիններում կանանց ներկայացվածությունը բավականին տուժում է։ ԱԺ-ում 132 պատգամավորից միայն 31-ն է կին։ Կառավարությունում ընդամենը մեկ նախարար ունենք, մարզպետ չունենք, 45 փոխնախարարներից 13-ն են կին և 37 դեսպաններից 6-ն են կին», - ընդմիջման ժամանակ լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահը։
Նազարյանն ասաց, գործադիրում և օրենսդիրում իր գործընկերների հետ քննարկում է կանանց ներգրավվածության համար օրենսդրական գործիքակազմը։ Ներկայումս գործող ընտրական օրենսգրքում, ըստ Նազարյանի, նշված է, որ մի սեռի ներգրավվածությունը չպետք է գերազանցի 70 տոկոսը, և Նազարյանն առաջարկում է սահմանել 60 տոկոսի շեմը։
Պրոֆեսիոնալության վերաբերյալ դիտարկմանն ի պատասխան՝ Լենա Նազարյանը ասաց, որ կասկածի տակ չի դնում կանանց պրոֆեսինալությունը և օրինակ բերեց Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կանանց առաջադիմությունը։
Հարցին, թե ինչո՞ւ մարզպետներ կանանցից չնշանակվեցին, պատգամավորը պատասխանեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունը ձևավորվեց շատ արագ, դժվարություններ եղան կադրերի ընտրության հարցում, ուստի այդպես եղավ։
Դիտարկմանը, թե Վայոց Ձորի մարզպետի տեղը թափուր է, և արդյոք հնարավո՞ր է, որ կին նշանակվի, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Եթե կա թեկնածու, ես սիրով կպաշտպանեմ»: