Բացել լրահոսը Փակել լրահոսը
2019AM_arpi_davoyan_587347819
A A
Քաղաքականություն

ՍԴ-ն դեռևս չի էլ հասկանում՝ ինչպես պետք է ճիշտ աշխատել․ Արփի Դավոյան (տեսանյութ)

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի համար անսպասելի չի եղել, որ Սահմանադրական դատարանը երեկ վարույթ չընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը։

«Սահմանադրական դատարանից ամեն ինչ սպասելի է, իրենք շարունակում են այն ոգով, ինչով որ սկսել են աշխատելը։ Մարդիկ չեն հասկանում, որ կարող են աշխատել այնպես, ինչպես աշխատում են Սահմանադրական դատարանները՝ օրենքով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արփի Դավոյանը։

Պատգամավորի համար կասկածելի էր, որ Սահմանադրական դատարանի նախագահը արձակուրդ է վերցրել այդ նախագիծը աշխատակագային կարգով քննարկելուց առաջ։

«Իրականում շատ վատ, գուցե նաև լավ թատերականացված բեմադրություն էր արձակուրդ գնալը, իրեն անաչառ ցույց տալը, որ՝ ես որպես ՍԴ նախագահ չեմ ուզում խառնվել և գնում եմ․․․ իսկ հետո նրանք վարույթ չեն ընդունում, չգիտեմ, հիմա հե՞տ է վերադառնալու, արձակուրդն ընդհատի։ Սահմանադրական դատարանի այդ խմբակը շարունակում է աշխատանքն այնպես, ինչպես նախատեսված է եղել այլ իշխանության ռեժիմի ներքո։ Նրանք դեռևս չեն էլ հասկանում՝ ինչպես պետք է ճիշտ աշխատել, կամ իրենց տեղո՞ւմ են, թե՞ ոչ, իմ կարծիքով՝ տեղում չեն»,- ընդգծեց Արփի Դավոյանը։

Մեր դիտարկմանը, թե Սահմանադրական դատարանը մերժեց Ազգային ժողովին, սա հարվա՞ծ էր՝ ուղղված «Իմ քայլը» խմբակցությանը, պատգամավորը շեշտեց, որ սա առաջին հերթին հարված էր Սահմանադրական դատարանին։

«Երբ Ազգային ժողովը մեծամասնությամբ ընդունում է այդ նախագիծը և ուղարկում է Սահմանադրական դատարան, և այն մերժվում է, իմ կարծիքով սա հարված է ՍԴ-ին, և այն մտահոգությունները, որոնք հնչում էին այդ նախագծի քննարկման ժամանակ և առհասարակ, տեղին են։ Սահմանադրական դատարանը չի իրականացնում այն ֆունկցիաները, որոնք դրված է իր վրա ՀՀ Սահմանադրական դատարանի մասին օրենքով»,- եզրափակեց նա։

Թե ինչ քայլեր կձեռնարկի «Իմ քայլը» խմբակցությունը այս որոշումից հետո, պատգամավորը դեռ մանրամասներ չներկայացրեց։

Տեսանյութը՝ քիչ անց։