«Orange»-ի կորուստներն ավելի շատ են
Աջակցիր «Ա1+»-ինԱռայժմ «Orange Արմենիա» ընկերությունը շահույթ չի ստանում. կորուստներն ավելի շատ են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան` ավելացնելով, որ առաջին եկամուտները սկսել են ստանալ նոյեմբերից, եւ ֆինանսական այդ մուտքերը բավական չեն, որպեսզի փակեն ծախսերը:
Դրան ավելացրած` 2008թ. վերջին ու 2009թ.-ի համար ամբողջ գործունեության բոլոր ծախսերը, այդ թվում նաեւ` արտոնագիր ձեռք բերումը` 51,5 մլն եվրո, միասին կազմել են մոտ 140 մլն եվրո: «Դրանք մեծ թվեր են, սակայն պետք է հաշվի առնել, թե ինչ հավակնություններով է մեր ընկերությունը մուտք գործել հայկական շուկա»,- հայտարարեց պարոն Դյութուան:
Նա հպարտությամբ նշեց, որ իրենք արդեն գերազանցել են 100 հազար բաժանորդի ցուցանիշը: Այս շաբաթվա վերջին արդեն իսկ «Orange Արմենիա»-ն կունենա 120 հազար բաժանորդ, իսկ տարվա վերջին նախատեսվում է մինչեւ 150 հազար բաժանորդ: Բրունո Դյութուայի վստահեցմամբ` իրենց ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 83 տոկոսը, որոնք բոլորը կարող են օգտվել 3-րդ սերնդի ինտերնետ ծառայություններից: Ի դեպ, ընկերության ինտերնետ ծառայությունից օգտվում է 5000 բաժանորդ, որը գերազանցում է ընկերության կանխատեսումները, քանի որ մինչեւ այս տարվա վերջ նախատեսել էին 4 000 բաժանորդ:
Նոյեմբերի 5-ից` «Orange Արմենիա» գործունեության սկզբից ի վեր, ըստ Բրունո Դյութուայի` ինտերնետի բնագավառում կատարված աշխատանքները շատ գոհացուցիչ համարեց: «Մեզ հաջողվեց լուծել մի շարք խնդիրներ, որոնք անխուսափելի էին: Դա մասնավորապես վերաբերում էր ինտերնետի որակին: Ինչպես գիտեք` այդ խնդիրներն հիմնականում ծագեցին նոյեմբերին ու դեկտեմբերի սկզբին: Խնդիրների պատճառը հաճախորդների մեծ թիվն էր, որոնց հնարավոր չէր արագ սպասարկել: Հիմա այդ բոլոր հարցերը լուծվել են ու նորմալ սպասարկում ենք»,- հավաստիացրեց նա` ավելացնելով, որ ինտերնետ ծառայության ասպարեզում վերջին օրերին ունեցել են տվյալների հաղորդման առումով բացարձակ ռեկորդ: