«Բջնին» աճուրդի չի դրվի
Աջակցիր «Ա1+»-ինՍուքիասյանների ընտանիքին պատկանող «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ը չի դրվելու աճուրդի, քանի որ հայտատու չկա:
Այս մասին «Ա1+»-ին ասաց ընկերության սնանկության գործերով կառավարիչ Արսեն Չիտչյանը: Այսօր ժամը 16:00-ին լրանում էր գործարանի գնելու հայտ ներկայացնելու վերջնաժամկետը եւ համապատասխան հայտ լինելու դեպքում պետք է այն դրվեր աճուրդի: Վերջինս նշեց, որ «Բջնի»-ն գնահատվել է 5 մլրդ 184 մլն դրամ արժեքով:
Ի դեպ, չնայած ընկերությունը տվյալ պահին սնանկության գործընթացում է, սակայն պատկանում է իր նախկին տերերին` Սուքիասյաններին: Բայց այդուհանդերձ, ինչպես հաստատեց Արսեն Չիտչյանը, խանութներում հանդիպող «Բջնիները» թողարկում են ոչ թե Սուքիասյանները, այլ այս պահին սնանկության գործերով կառավարչի,այսինքն` իր ղեկավարության տակ աշխատող գործարանը:
«Ա1+»-ի դիտարկմանը, թե որոշ խանութների աշխատակիցներ ասում են, թե իրենց «Բջնի» են հանձնում պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի «տղաները», պարոն Չիտչյանը վստահեցրեց, թե Ռուբեն Հայրապետյանը որեւէ առնչություն չունի այս գործարանի հետ. «Աշխատողներին ընդունել եմ ես, աշխատավարձ տալիս եմ ես, աշխատողները մեզ մոտ են գրանցված: Գուցե մեկը մեկին բարեկամ է, չգիտեմ»: Ի դեպ, նա փաստեց, որ գործարանը այս պահին իրեն արդարացնում է:
Նշենք, որ սնանկության պրոցեսը ենթադրում է` կամ սեփականատերերը կարող են գումար ներդնել, պարտքերը փակել, առողջանա հիմնարկը, կամ ներկայացնել առողջացման ծրագիր, որը կընդունվի կամ չի ընդունվի դատարանի կողմից, երրորդ տարբերակը գույքի վաճառք է:
Հիշեցնենք, որ «Բջնի հանքային ջրերի գործարանը» պատկանում էր գործարար Խաչատուր Սուքիասյանին:
Գործարանը մեկ անգամ, մոտ 4 մլրդ դրամով աճուրդով վաճառվել էր ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, բայց հետո գործարքը չեղյալ համարվեց: