Իրավիճակին չեն տիրապետում
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստան-Թուրքիա ճանապարհները միշտ գործել են, եւ կարծում եմ այդպիսի խնդիր դրված չի եղել. ճանապարհը գործել է մինչեւ սահմանի փակումը, եթե այն ժամանակ ճանապարհները լայնացնելու անհրաժեշտություն լիներ` կանեին»,-«Ա1+»-ի հարցին, թե արդյոք Հայաստան-Թուրքիա ավտոճանապարհով, որը մեր տեղեկություններով բավականին նեղ, դժվարանցանելի է, հնարավոր է իրականացնել բեռնափոխադրումներ, ասաց Կապի եւ տրանսպորտի նախարարության մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը:
Իսկ տնտեսագետ Բագրատ Ասատրյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ երբեք հայ-թուրքական ավտոճանապարհը չի գործել, որովհետեւ սահմանային անցակետ չենք ունեցել: Միայն մեկ անգամ բացվել է ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի Թուրքիա այցելության ժամանակ, երբ վերջինս պետք է վարեր Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստը, եւ իր թուրք գործընկերոջն ասել է, թե «եթե բարեկամ, հարեւան երկիր ենք, բացեք սահմանը, որ գամ նիստը վարեմ, կամ եթե թշնամական երկիր ենք, ես ինչ գործ ունեմ ձեր երկրում»:
Արարողակարգի համաձայն, ԱԺ նախագահին պետք է ուղեկցեր 20 հոգի: Այդ ժամանակ թուրքական կողմը բացել է սահմանը, եւ ավտոճանապարհով հայկական կողմը կարողացել է հասնել Թուրքիա: «Իսկ ընդհանրապես ավտոճանապարհը չի գործել»,-ասաց Բագրատ Ասատրյանը:
Իսկ ինչ վերաբերում է ավտոճանապարհների վիճակին, ապա Սուսաննա Տոնոյանը տեղեկացրեց, որ նախարարությունը տիրապետում է միայն Հայաստանից դեպի Թուրքիա տանող ճանապարհների վիճակին, իսկ Հայաստանից դուրս իրենք ուսումնասիրություն չեն կատարել:
Այսինքն, եթե չի ուսումնասիրվել Թուրքիայի կողմի մինչեւ նավահանգիստ տանող ավտոճանապարհների վիճակը, ապա պետք է որ պատկան մարմինները դժվարանային հայտարարել, թե Թուրքիայով դեպի Եվրոպա ելքն ավելի էժան եւ հարմար է, քան Վրաստանով, որովհետեւ նախ պետք է հասնել Թուրքիա, հետո Թուրքիայից Եվրոպա:
Հիշեցնենք, որ երկաթուղու վիճակն էլ կատարյալ չի: Կապի եւ տրանսպորտի նախարարը վերջերս տեղեկացրեց, որ հայկական եւ թուրքական երկաթուղու լայնությունները տարբեր են եւ մեր վագոնները հնարավորություն չունեն անցնելու Թուրքիայի տարածքով:
«Մեր վագոնները Թուրքիայի տարածքով անցնել չեն կարող` չափերի խնդիր կա: Հիմնականում մեր տարածքով անցնում են փոքր վագոնները: Տեղափոխվում են բեռներ, կամ վագոններն են փոխվում»,-ասել էր նախարար Գուրգեն Սարգսյանը:
Այսօր Սուսաննա Տոնոյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ թեեւ կա տարբերություն հայկական եւ թուրքական երկաթուղիների միջեւ` «հայկական կողմի ռելսերը մի քիչ լայն են, նախկինում էլ է այդպես եղել, բայց մենք ունեցել ենք տերմինալ եւ այդ տերմինալում գծերը փոխվել են, ու երթը շարունակվել է»:
«Ապավեն» բեռնափոխադրումների ընկերության նախագահ Արսեն Ղազարյանն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ մինչեւ սահմանի փակումը երկաթուղու միջոցով 3-4 մլն տոննա բեռ էր տեղափոխվում ժամանակին, «բայց այդ թիվը ոչինչ չի տալիս, որովհետեւ Հայաստանը տրանզիտային երկիր էր, եւ Խորհրդային միության ապրանքներն էին տեղափոխվում, Հայաստանով ընդամենը վագոններն էին գնում-գալիս, իսկ ավտոճանապարհները չէին գործում ընդհանրապես»: