Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է պարտք

Տնտեսություն

«Գաֆեսճյան թանգարան-հիմնադրամ»-ի շահերը ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանը «Ա1+»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ աշխատավարձ չստացած այն աշխատակիցները, որոնք օրերս բողոքի ակցիա էին կազմակերպել, իրենց հետ կապ չունեն. «Կոռեկտ չէ, երբ բողոքի թիրախ են ընտրում «Գաֆեսճյան թանգարան-հիմնադրամ»-ին. այն պետք է ուղղվեր DHAA ընկերությանը»:

Բողոքի ակցիայի մասնակից աշխատակիցների վստահեցմամբ` իրենք «Գաֆեսճյան թանգարան-հիմնադրամ»-ի աշխատակիցներն են եւ իրենց ջանքերի շնորհիվ են ամբողջական տեսքի հասցվել Կասկադ համալիրն ու Թամանյան պուրակը, իսկ «Գաֆեսճյան թանգարան»-ի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Նշենք, որ ըստ ակցիայի մասնակիցների` հիմնադրամը մեկ տարուց ավելի է` 34 աշխատակցի պարտք է 120-140 հազար ԱՄՆ դոլար: Այդ գումարը նրանք պահանջում են «Գաֆեսճյան թանգարան»-ի գործադիր տնօրեն Մայքլ Դե Մարշեից:

Մինչդեռ, ըստ Արա Զոհրաբյանի` «Գաֆեսճյան հիմնադրամը» աշխատանքային որեւիցե հարաբերության մեջ չի գտնվում այս աշխատակիցների հետ, քանի որ նրանք DHAA ՓԲԸ-ի աշխատակիցներն են:

Արա Զոհրաբյանը չժխտեց, որ պարոն Դե Մարշեն իսկապես նշանակվել է այդ ընկերության տնօրեն: «Բայց դա դեռեւս չի նշանակում, որ DHAA-ի աշխատակիցները մեխանիկորեն դառնում են հիմնադրամի աշխատակիցները: Դա ոչ միայն իրավաբանորեն, այլեւ փաստացի այդպես չէ. հիմնադրամն ու DHAA-ն կատեգորիկ կերպով միմյանց հետ կապ չունեն»,- հայտարարեց նա` ընդգծելով, որ հիմնադրամն ընդամենը եղել է պատվիրատու, որը պատշաճորեն DHAA-ին է փոխանցել աշխատանքների կատարման համար նախատեսված գումարը:

Նրա վստահեցմամբ` պարոն Դե Մարշը փորձել է աշխատավարձերի այդ հարցը կարգավորել` ցանկանալով հասկանալ, թե DHAA-ն ինչ պարտքեր ունի: «Դե Մարշեն այն մարդն է, որ ցանկանում է այս հարցը խաղաղ լուծել, ընդ որում` հօգուտ աշխատակիցների, այսինքն` հասկանալ, թե յուրաքանչյուր աշխատակից ինչ չափի պարտավորություն ունի DHAA-ում»,- հավաստիացրեց փաստաբանը` ավելացնելով, որ DHAA-ն ունեցել է ավելի շատ պարտավորություններ, քան իր ակտիվներն են: Այսինքն` DHAA-ն իր ունեցած գույքով, եթե սնանկ ճանաչվի ու դրվի աճուրդի, չի կարող վճարել այդ աշխատավարձի նույնիսկ 20 տոկոսը:

«Եթե այդ աշխատակիցներն իրենց գումարները պահանջեն DHAA-ից, ապա այն ուղղակի կսանկանա ու ամբողջ գումարը չի կարողանա տալ, եւ բաժնետերերից որեւիցե մեկը դրա համար պատասխանատվություն չի կրի»,- նկատեց Արա Զոհրաբյանը:
Ըստ նրա` երբ պարոն Դե Մարշեն սկսել է ուսումնասիրություններ կատարել, պարզվել է, որ աշխատանքային ձեւակերպումները պատշաճ կատարված չեն, չկան աշխատանքային գրքույկներ: Այժմ բոլոր այդ հարցերը պարզաբանման փուլում են: Արա Զոհրաբյանի ասելով` DHAA-ն ունի 2 բաժնետեր, որոնցից մեկը պարտավորվել է իր` 50 տոկոսի մասով վճարել այդ աշխատակիցներին: Սակայն մի պայմանով, որ իրեն ռեալ թվեր ներկայացնեն, թե աշխատակիցներին DHAA-ն որքան է պարտք:

«Իբրեւ իրավաբանի` իմ խորհուրդն է այդ աշխատակիցներին, որ բարիդրացիական հարաբերություններով նրանք ավելի շատ կկարողանան ստանալ DHAA-ից, քան եթե գնան դատարան եւ փորձեն այդպես իրենց հարցը լուծել: Այսինքն` իրենց գործողությունների մեջ պահպանեն կոռեկտությունը, թեեւ իրենց սահմանադրական իրավունքն է բողոքի ակցիաներ անցկացնել, դատարան դիմել: Սակայն եթե դրանց արդյունքում տվյալ բաժնետիրոջ բարի կամքը բացակայի, ապա կգնանք չոր իրավաբանական դաշտ»,- նկատեց փաստաբան Արա Զոհրաբյանը: