«Բջնին» գնել է Ռուբեն Հայրապետյա՞նը
Աջակցիր «Ա1+»-ին«Բջնի» հանքային ջրերի գործարանի գույքը այսուհետեւ չի պատկանում Սուքիասյանների ընտանիքին:
Դեկտեմբերի 23-ին այն ուղիղ վաճառքով 4 միլիարդ 300 հազար դրամով վաճառվել է ինչ-որ ընկերության: Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց ընկերության սնանկության գործերով կառավարիչ Արսեն Չիտչյանը: Վերջինս հրաժարվեց բացահայտել ընկերության անունը` փաստելով, թե դա իր իրավասության մեջ չի մտնում:
Սակայն որոշ տեղեկություններով` այդ ընկերությունը պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Ռոյալ Արմենիա Սիգարետ» ընկերությունն է: Պարոն Հայրապետյանից տեղեկությունը մեզ ճշտել չհաջողվեց:
Նշենք, որ դեկտեմբերի 17-ին «Բջնի»-ն աճուրդի էր հանվել 5 միլիարդ 184 միլիոն դրամով, սակայն հայտերի բացակայության պատճառով չէր կայացել:
Հաջորդ աճուրդին, ըստ սնանկության գործերով կառավարիչ Արսեն Չիտչյանի, ընկերության գույքը պետք է աճուրդի դրվեր 4 միլիարդ 147 միլիոն 200 հազար դրամով, սակայն իրենց դիմում է ներկայացրել մի կազմակերպություն, որը առաջարկել է գնել տվյալ գույքը 4 միլիարդ 300 հազար դրամով, այսինքն` աճուրդի գնից ավել էր վճարելու:
«Պարտատերերի ժողովում համաձայնություն է տրվել, որը ուղղակի գործարքով վաճառեն: Ընկերության անունը կարեւոր չի, կարեւորն այն է, որ գործարանը աշխատի, աշխատատեղ լինի, մարդիկ ընտանիք պահեն»,- «Ա1+»-ին ասաց Արսեն Չիտչյանը` ավելացնելով, որ գույքը այնքան ժամանակ կմնա իր իրավասության տակ, քանի դեռ չի հանձնել: Սակայն դա չի նշանակում, որ սնանկության գործընթացը ավարտվում է, մինչեւ սնանկության գործընթացը չվերջանա, ընկերության կնիքը կմնա նրա մոտ:
Նշենք, որ մի քանի օր առաջ «Բջնի» գործարանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշել էր, որ դեռեւս դեկտեմբերի 17-ին, երբ սնանկության գործով կառավարիչը աճուրդի էր ներկայացրել ընկերության գույքը, իրենք այդ մասին տեղեկացել են ԶԼՄ-ներից: Մինչդեռ, ըստ փաստաբանի.
«Սնանկության մասին օրենքի համաձայն` նա պարտավոր է միջնորդություն ներկայացնել դատարանին, միջնորդությանը կցում է անկախ գնահատման եզրակացությունը, որ այս գույքը արժի այսքան: Միջնորդության մասին իրազեկում է պարտատերերին, պարտատերերից են Սուքիասյան եղբայրները, «ՍԻԼ» կոնցեռն ընկերությունը եւ մի շարք այլ կազմակերպություններ: Պարտատերերին նա այդ մասին ծանուցագիր չի ներկայացրել»:
Ընդ որում, ըստ փաստաբանի, մինչ աճուրդ նշանակելը, պարտատերերը ունեն որոշակի իրավունքներ, այսինքն` կարող են նույնիսկ ասել այս աճուրդային գնով մի դրեք, դրեք այս գնով. «Փաստորեն նրանց չիրազեկելով` այդ իրավունքից զրկվել են»:
Մի քանի օր առաջ փաստաբանը ասել էր, թե «Սիլ» կոնցեռնի կարծիքով` այս աճուրդային գործընթացը բերելու, հասցնելու են նրան, որ «Ռոյալ Արմենիա Սիգարետ» ընկերությունը նորից գնի գույքը եւ ավելի էժան տարբերակով:
« Ընդ որում ասեմ, որ նրանց փաստարկը արժանահավատ է այնքանով, որքանով որ այս պահին սնանկության գործերով կառավարիչը որպես կազմակերպության բազա ընտրել է սրբիչի գործարանը, որը մեր տեղեկություններով նորից Ռուբեն Հայրապետյանի վերահսկողության տակ է գտնվում»,-ասել էր Արա Զոհրաբյանը: