Խոսում են թվերը
Աջակցիր «Ա1+»-ին2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 603.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 718.8 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 67.3%-ով և 80.2%-ով ապահովել են տարեկան ծրագրային ցուցանիշների կատարումը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 13.1%-ով կամ 91.4 մլրդ դրամով: Մասնավորապես` 17.7% ով (101.6 մլրդ դրամով) նվազել են հարկերն ու տուրքերը, 10.3%-ով (367.8 մլն դրամով)՝ պաշտոնական դրամաշնորհները և 0.3%-ով (296 մլն դրամով)՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարները: Նույն ժամանակահատվածում այլ եկամուտներն աճել են 42.7%-ով (10.9 մլրդ դրամով):
2009 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 114.9 մլրդ դրամ պակասուրդով՝ նախատեսված 1.4 մլրդ դրամ հավելուրդի փոխարեն: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջեն կատարվել էր 22.7 մլրդ դրամ հավելուրդով:
Անցած ժամանակահատվածում արտաքին դոնորների կողմից տրամադրվել են շուրջ 298.7 մլրդ դրամի վարկային միջոցներ, որից 185.1 մլրդ դրամը` ՌԴ կառավարության, 57.4 մլրդ դրամը` Արժույթի միջազգային հիմնադրամի, 24.8 մլրդ դրամը` Զարգացման միջազգային ընկերակցության և 31.4 մլրդ դրամը` Ասիական զարգացման բանկի կողմից:
Արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է 5.6 մլրդ դրամ, որից 4 մլրդ դրամը հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը: 839.4 մլն դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 524.7 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 110.6 մլն դրամ` Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 30.1 մլն դրամ` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը և շուրջ 91.3 մլն դրամ` Բարձր լարման ցանցերի համակարգերի վերանորոգման ծրագրի գծով Գերմանիայի Դաշնային Հանրապետության նկատմամբ պարտավորությունների մարմանը: