«Փող են վերցնում օլիգարխներին բաժանելու համար» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ մեկ տարի հետո ԼՂ հարցում մենք խնդրելու ենք, որ մեզ առաջարկեն այն տարբերակը, որն այսօր մենք մերժում ենք:
«Իհարկե, կխնդրենք: Այսօրվա վիճակը խայտառակ է: Ադրբեջանն այսօր Իսրայելից գնում է հրթիռներ, որոնք Բաքվից կարող են ռմբակոծել Երեւանը: Եթե պատերազմ լինի, ապա այն Ղարաբաղում չի լինի, Հայաստանում կլինի: Դրա համար Ադրբեջանն ամեն ինչ արեց, որ ԼՂ հիմնախնդրի իմիջը փոխվի, նրանք ներկայացնում են, որ խնդիր ունեն ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի հետ: Ադրբեջանն այսօր ամեն ինչ անում, որ աշխարհին ցույց տա, թե ԼՂ հիմնախնդրի միակ լուծումը պատերազմն է: Հո հիմար չեն, որ հենց այնպես հրթիռներ գնեն»,- այսօր «Ա1+»-ին ասաց Հրանտ Բագրատյանը` ընդգծելով, որ պատերազմի վերսկսման վտանգը շատ ռեալ է:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Հրանտ Բագրատյանին զարմացնում են բոլոր նրանք, ում համար անակնկալ է եղել հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՍԴ-ի որոշումը, կամ այդ որոշումից ոգեւորվել են: Հրանտ Բագրատյանը կարծում է, որ հայ-թուրքական հարբերություններում Հայաստանն ու Թուրքիան դեռ չեն որոշել իրենց հետագա անելիքները: Այս պահի դրությամբ, նա կարծում է, որ հաշիվը «1:0» է` հօգուտ Թուրքիայի. «Թուրքիան հարաբերությունները կապել է ԼՂՀ հիմնախնդրի հետ եւ ստացել է Հայոց ցեղասպանության մասին փաստաթուղթը»:
Անդրադառնալով երկրի տնտեսական ոլորտին` Հրանտ Բագրատյանը վստահեցրեց. «Այն ինչ այսօր արվում է տնտեսության մեջ, 10 տարի հետո դառնալու է քաղաքականություն: Այն, ինչ ժամանակին ասվում էր Ռոբերտ Քոչարյանին մի արա, դրա արդյունքները տեսնում ենք այսօր»:
Ըստ Բագրատյանի` Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին, նրա այլ պատկեր եւ տվյալներ են ներկայացնում: Գործող իշխանությունների տնտեսական քաղաքականության շարունակման դեպքում Բագրատյանն անխուսափելի է համարում, որ. «Երկու տարի հետո մենք արտաքին պարտքի սպասարկման համար ստիպված ենք լինելու ավելի շատ գումար տրամադրել, քան բանակին»:
Բագրատյանը հիշեցրեց, որ մինչեւ 1996թ. ՀՀ-ն արտաքին պարտք չի ունեցել: Խոսելով այսօրվա իշխանությունների դրամավարկային քաղաքականության մասին, Բագրատյանը այն անվանեց. «Ի՞նչ ասեմ, վնասակարության, դամբուլային: Նրանք միայն մտածում են մի հատ խաշանոց բացեն, գնան խաշ ուտեն: Պետք է մտածել ոչ թե ռեստորան բացելու, այլ ինչ-որ բան արտադրելու եւ այն արտահանելու մասին»: Բագրատյանի կարծիքով այսօրվա կառավարության ամենամեծ խնդիրը դրամը արհեստական արժեւորելն է: «Այսօր պարտք են վերցնում դրամը պահելու եւ օլիգարխներին բաժանելու համար»:
Հրանտ Բագրատյանն այսօր անդրադարձավ նաեւ տնտեսական ոլորտում Հայաստան-Սփյուռք հարաբերություններին եւ ընդգծեց, որ այսօր ՀՀ բիզնես ոլորտում չկա մի սփյուռքահայ, որը լուրջ տեղ զբաղեցնի. «Մեր ժամանակ էլ շատ չէին, բայց կային: Նրանք մի քիչ աջակցում են եւ դադարում: Երբ գործը հասնում է բիզնեսին, ապա հայրենասիրության մասին չպետք է խոսել: Մարդը պետք է շահույթ ստանա բիզնեսից: Այսօր ՀՀ մաքսային եւ հարկային դաշտը համապատասխանեցված է ընդամենը մի քանի մարդու շահերի: ՀՀ-ում տնտեսությունը չի զարգանում, քանի որ երբ հերթը հասնում է եկամուտների բաշխմանը, նրանք ոչինչ չեն անում»:
ՀՀ գործող իշխանություններն Հրանտ Բագրատյանին երբեք խորհրդով չեն դիմում, չնայած նա դեմ չէ: «Այսօր մեր երկիրն անդունդի եզրին է: Ինձ ոչ թե խորհուրդ ստանալու համար են դիմում, այլ դատարաններով են շփվում ինձ հետ: Դա դարձել է իմ կենցաղի մի մասը»,- ծիծաղելով ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: