Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպառողին առաջարկում է դատարան դիմել

Տնտեսություն

Բնակչությանն ամենաշատ մտահոգող ապրանքատեսակներից շաքարավազն ու կարագը հունվարին տեղական շուկայում թանկացել են համապատասխանաբար 37 եւ 25 տոկոսներով: Այդ մասին այսօր հայտնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` նշանակումից հետո առաջին անգամ հրավիրված ասուլիսի ժամանակ:

Վերջինս շտապեց նաեւ պատճառաբանել, թե ինչու` տեղեկացնելով, որ շաքարավազի միջազգային գինը թանկացել է 90 տոկոսով, իսկ կարագինը` 58 տոկոսով: Սակայն լրագրողներին զարմացրեց այդ փաստը. մի՞թե ներկրողները աշխատում են վնասով հանուն ՀՀ բնակչության:

«Սա վնասի հարցը չէ: Սա նաեւ ծավալների հետ է կապված եւ մրցակցային գների»,- պատասխանեց նա` մեկնաբանելով, թե ներկրողները ապագա թանկացումներից ապահովագրելու համար մեծաքանակ են ներկրել, ինչպես նաեւ լայնածավալ փոխադրումների դեպքում զեղչեր են գործում:

Դավիթ Հարությունյանը հրավիրել էր լրագրողներին, որպեսզի ներկայացնի 2009թ կատարածն եւ այս տարվա սպասվող անելիքները: Օրինակ, 2010թ.-ին հանձնաժողովը նախատեսում է իրականացնել մի շարք նորարարություններ. առաջին հերթին դա կվերաբերի մեթոդաբանական բազայի ամրապնդմանը, մարզերում մրցակցային իրավիճակի գնահատմանը եւ այլն:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը որպես ձեռքբերում նշեց, որ անցյալ տարի հանձնաժողովի կողմից իրականացվել է նաեւ ավելի խիստ մոնիտորինգ` ամանորի թանկացումների նախաշեմին, ինչը կանխեց գների սրընթաց բարձրացումը:

Սակայն լրագրողների հարցերն այլ բան էին վկայում: Հարց հնչեց` ինչո՞ւ եթե հանձնաժողովը հայտնաբերում է խախտումը, պատժում է, տուգանքը մուտքագրվում է պետբյուջե, սպառողին որեւէ փոխհատուցում չի տրվում իր կրած վնասի դիմաց:

Դավիթ Հարությունյանը ասաց, թե նման խնդիր կա ամբողջ աշխարհում, իսկ լուծո՞ւմը. «Դրա միակ ելքը առողջ մրցակցության դաշտի ապահովումն է, ուրիշ տարբերակ այս պահին չեմ տեսնում սպառողներին փոխհատուցելու: Մենք դեռեւս նման մեխանիզմների մասին մտածելու համար շատ վաղ է: Ասեմ, որ դրա համար կա դատարան, եւ սպառողները կարող են համատեղ հայցով դիմել դատարան փոխհատուցման համար, սակայն վնասի չափը հստակ չափել, պրակտիկորեն անհնար է»:

Ի դեպ, նա կարծում է, որ այն երկրից, որ ունի բազում պրոբլեմներ յուրաքանչյուր բնագավառում, չպետք է ակնկալել, որ որեւէ մի մարմին կատարյալ կգործի եւ կարող է կատարյալ ապահովել ազատ մրցակցություն: