Այնպես չէ, որ նստած մտածում ենք՝ ով է վտանգ ներկայացնում քաղաքական տեսակետից․ Հովհաննես Իգիթյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն այսօր փակ նիստ էր հրավիրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում։
Խմբակցության Պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց մի շարք հարցերի։
Իգիթյանին մտահոգում է, որ Հայաստանի վարկանիշը վարկաբեկվել է ադրբեջանական մամուլում տեղ գտած կեղծ լուրի պատճառով, ըստ որի՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ամերիկայի Միացյալ նահանգներին։
«Ես չեմ կարծում, որ մենք պետք է վերցնենք և փակենք ֆեյսբուքը կամ լրատվական միջոցները փակենք։ Մենք, իհարկե, ուղղակի պետք է նաև օրենսդրորեն ներկայացնենք այնպիսի առաջարկություններ, որոնք կնպաստեն, որ կեղծ լուրերը քիչ լինեն և զրպարտությունները, կամ ենթադրենք թշնամություն, ատելության խոսքերը քիչ լինեն լրատվամիջոներում։ Խոսքը չի գնում ցենզուրաների մասին»,- նշեց Իգիթյանը։
Լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ազատ արձակմանը, Իգիթյանը պատասխանեց, որ այդ հարցն ընդհանրապես չեն քննարկում և իրենց ոլորտում չէ, իրավական ոլորտում է։
«Ես մի բան գիտեմ այդ գործը հասարակական մեծ հնչեղություն է ունեցել, և ուզում եմ՝ Հայաստանում երբեք չկրկնվի։ Որ որևէ պաշտոնյա կամ ոչ պաշտոնյա հանկարծ մտածի, որ ցանկացած պետական, հատկապես բանակի հետ կապված որևէ մի կտոր հայտնվի իր տանը»,- ընդգծեց պատգամավորը։
Հարցին, թե Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանին համարո՞ւմ է քաղաքական մրցակից, որպես ընդդիմադիր բևեռ, պատասխանեց, որ Վանեցյանը ո՛չ ընդդիմություն է, ո՛չ էլ քաղաքական գործիչ է։
«Այնպես չէ, որ մենք նստած մտածում ենք՝ ով է վտանգ ներկայացնում քաղաքական տեսակետից, ով չի ներկայացնում։ Դա ինձ թվում է ոչ կոռեկտ, արհեստածին հարց է»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։
Իգիթյանը որևէ պատճառ, հիմք և նախադրյալ չի տեսնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար։ Պատգամավորը նաև անդրադարձավ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ դա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն է քաղաքականացնում։
Լրագրողի դիտարկմանը, թե «Իմ քայլը» խմբակցությունն ընտրել է քաղաքական կողմնորոշում ունեցող ՍԴ դատավորի թեկնածուի՝ ի դեմս Վահե Գրիգորյանի, քաղաքական գործիչը պատասխանեց, որ չի կարծում, թե Գրիգորյանն ունի քաղաքական կողմնորոշում։
Մանրամասները՝ տեսանյութում