Գազի փոխարեն աթա՞ր
Աջակցիր «Ա1+»-ինԿենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը «Հայելի» ակումբում բանավիճեցին գազի գնի թանկացման շուրջ:
Բագրատ Ասատրյանի պնդմամբ` ամբողջ աշխարհում գազի գները նվազում են, Եվրոպայում, տրանսպորտային ծախսերը հանած, գները նվազել են` 1000 խմ դիմաց դառնալով մոտ 200 դոլար: Հայաստանում բոլորովին հակառակ պատկերն է: «Հայռուսագազարդը» դիմել է ՀԾԿՀ` գազի գինը թանկացնելու առաջարկով: Դրա ընդունման դեպքում 1000 խմ գազը կվաճառվի 136000 դրամով` 96000դրամի փոխարեն:
«Մեր տարածքում գործող 80 տոկոս ռուսական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունը արտոնյալ պայմաններով գազ է ստանում եւ վերավաճառում է մեր բնակչությանը կրկնապատիկ ավելի բարձր գնով: Մեր բնակիչները ստանում են այն գնով, որն ամենաբարձր գներից մեկն է: Հիմա այս ձեռնարկության խնդիրն է, որը պետք է մեր իշխանությունները լուծեն: Կամ էլ պետք է հայտարարենք, որ այս իշխանությունները նպաստում են, որ այդ ընկերությունը թալանի մեր բնակչությանը»,- հայտարարեց Բագրատ Ասատրյանը:
Կոալիցիան ներկայացնող Վարդան Բոստանջյանը հակադարձեց. «Մարդկությունը անհիշելի ժամանակներից գոյություն ունի եւ ոչ մի անգամ` այդ 20 000, 100 000 տարիների ընթացքում գազ չի վառել: Հիմա ՀՀ-ում, արի ու տես, բոլորը հուզված են, ուզում են գազ վառել: Գնացեք ձեր գյուղերը եւ ձեր տներում աթար վառեք»:
Այնուհետեւ ավելացրեց, թե դա չի անում թանկացումը արդարացնելու համար:
«Ես որպես հայ մարդ եւ քաղաքացի ուզում եմ զարմանալ, ինչքան լավ է, որ մենք գազ ենք սպառում: Ինչ -որ մեկը անում է, որ դա տեղի է ունենում: Երկրորդը` մտածում եմ, որ ինչ հնարամտություն ունենք, որ կարողանում ենք այդ բարդ համակարգը այդուհանդերձ անխափան պահպանել` իմանալով, որ մինչեւ անգամ Եվրոպան, Ուկրաինան, մեծ խնդիր ունի գազի հետ կապված: Հեշտ է մտածել, որ գալ ու անվճար ստանալ»,-ասաց նա:
ԿԲ նախկին նախագահը հարց հնչեցրեց իր բանավիճող ընկերոջը, թե ինչու են գազի գինը բարձրացնում:
«Այդպիսի համակարգի պահպանման համար ինչքա~ն մեծ գումարներ են պետք,- պատասխանեց Վարդան Բոստանջյանը` ավելացնելով,-Լենինականցիները մի լավ բառ ունեն` շիտակ: Արեք շիտակ խոսենք: Հիշո՞ւմ եք` կեռոսին, դիզվառելիք Սոչիում էր պահվում»:
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք ԿԲ_ն ղեկավարած Բագրատ Ասատրյանը ակնարկին պատասխանեց, թե մեր պատմության մեջ վատ էջեր եղել են, սակայն. «Եթե քաղաքացին այն ժամանակ աթար է վառել, այսօր աթար չպետք է վառի: Եթե դա եղել է անգամ Բագրատ Ասատրյանի մեղքով, չպետք է բնակչությանը նորից դրան տանել»:
Վարդան Բոստանջյանը սրամտեց. «Մտահոգություն ունեմ, որ կարող է շատ խոսենք, այդ գազն էլ չունենանք: Երբ հարաբերական արագությունը ես նկատում եմ, չեմ օգտվում այդ բոլորից, բայց աչքը եւ հոգին մարդու շոյվում է, հասկանում ես, որ կա: Մեր երկիրը միշտ արել է, որ դրանք միշտ լինեն»: