Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխնախարարը հաստատեց Բագրատյանի խոսքերը (տեսանյութ)

Տնտեսություն

ՀՀ փոխնախարար Վարդան Արամյանն այսօր չհերքեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը պարտքով ապրող երկիր է:

Արամյանը միաժամանակ հարկ համարեց ավելացնել, թե աշխարհի բոլոր զարգացող երկրներն էլ պարտքով ապրող են: Տնտեսության ոլորտում կառավարության կանխատեսումների չիրականացումը փոխնախարարը բացատրեց համաշխարհային տնտեսական ճգնաժամով. «Ճգնաժամը ոչ միայն Հայաստանին, այլեւ ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչ պրոբլեմներ ունի աշխարհը»:

Երկրի տնտեսությունը փոխնախարարը համեմատեց ֆիրմայի հետ. «Ցանկացած երկիր նման է մի ֆիրմայի: Ֆիրմայի վարքագիծն այնպիսին է, որ եթե դու չունես ընթացիկ միջոցներ, եւ դու ունես ծրագրեր, որն ուղղված է քո աճին կամ հետագա զարգացմանը, բնականաբար դու պետք է ունենաս պարտքային միջոցներ»:

Ըստ Արամյանի` պարտքային ցուցանիշը չպետք է անցնի 60 տոկոսը, իսկ ՀՀ օրենքով ամրագրել է, որ պարտքային վտանգավոր ցուցանիշը 50 տոկոս է. «Այսօրվա դրությամբ, 2010թ. սկզբում մենք կունենանք 30 տոկոսից ավել արտաքին պարտքի ցուցանիշ: Չենք կարծում, որ դա վտանգավոր սահմանին մոտ է: Ավելին առաջիկա տարիներին, մենք մեր պարտքի ցուցանիշը կարող ենք հասցնել 50-55 տոկոսի եւ մեր տնտեսական այն կանխատեսումները, որը մենք կատարում ենք միջնաժամկետ, մեզ հնարավորություն կընձեռի, որ մենք առանց խնդիրների վերադարձնենք մեր արտաքին պարտքը»:

Ինչ վերաբերում է ՌԴ-ից սպասվող 100 միլիոն դոլար վարկին, ապա փոխնախարարը հայտնեց, որ դա հիմնականում ուղղվելու է ՀՀ-ում ադամանդագործության զարգացմանը, որտեղ կառավարությունը պոտենցիալ է տեսնում: Ի՞նչ կասեք Հրանտ Բագրատյանի այն հայտարարության մասին, որ կառավարությունն այսօր վարկ է վերցնում ոչ թե ՀՀ տնտեսությունը զարգացնելու, այլ օլիգարխներին բաժանելու համար` «Ա1+»-ի հարցին` փոխնախարարը պատասխանեց. «Մեր պարտքային քաղաքականությունը շատ թափանցիկ է: Եթե կան նման հարցեր, պետք է ասել, թե ինչ է եղել, ինչ օլիգարխի է գնացել գումարները; Պետք է խոսել փաստերով»:

Նա վստահեցրեց, որ 2009թ. Հայաստանում ստեղծվել են բիզնեսը զարգացնելու նպաստավոր պայմաններ եւ դրանք շարունակելու են նաեւ 2010թ.:

Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը ներկա ՀՅԴ ներկայացուցիչ Արա Նռանյանը բոլոր հարցերում չէր, որ համամիտ էր փոխնախարարի հետ եւ իր բոլոր տեսակետները հիմնավորեց օրինակներով եւ փաստերով` հայտարարելով, որ կառավարության գործողությունները համահունչ չեն ներկա իրավիճակին: «Ձեր խնդիրն այն է, որ դուք պետության կառավարմանը նայում ենք իբրեւ ֆիրմայի կառավարման»,- փոխնախարարին ասաց Նռանյանը: Նրա կարծիքով այսօր լուրջ խնդիր է, թե ինչպես են ծախսվում վարկերը. «Վարկերն ուղղելու հարցում կառավարությունը նպաստում է մենաշնորհների ձեւավորմանը: Կառավաությունը պետք է աջակցի ոչ թե առանձին ձեռնարկություններին եւ նպաստի մենաշնորհների ձեւավորմանը, այլեւ ամբողջ ոլորտին: Այսօր Հայաստանը բոլորովին նպաստավոր երկիր չէ բիզնեսի զարգացման համար` թե օտարերկրյա ներդնողի, թե տեղական գործարարի»:

Այսօրվա հանդիպման ընթացքում Աժ Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հիմնականում լսողի դերում էր: Իսկ լրագրողներից մեկի հարցը, թե ինչպես է նա վերաբերում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` տարեվերջյան հայտարարությանը, թե քաղաքական գործիչ լինելու համար շատ խելք պետք չէ, Գագիկ Մինասյանին զայրացրեց:

«Ձեր նման գեղեցիկ աղջկա համար կոռեկտ չէ, կոնտեքստից դուրս նման հարց տալը: Այդ դեպքում ամբողջությամբ պետք է մեջբերել խոսքը»,-ասաց նա:
Իսկ նման հայտարարություն անելը կոռե՞կտ է` «Ա1+»-ի այս հարցից հետո. Գագիկ Մինասյանը որոշեց, որ այսօրվա հանդիպումից հետո մեր թղթակցին հարցազրույց չի տալու: