Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հացադուլի 14-րդ օրը․ հատուկ ռեպորտաժ Քարվաճառից (տեսանյութ)

Չնայած Քարվաճառի բնակիչ, քաղաքագետ  Ալեքսանդր Քանանյանը չի ուզում, որ իր առողջական վիճակով մտահոգվեն, բայց վերջին երկու շաբաթվա ընթացքում նրա դուռը թակողների հարցերից մեկը հենց այդ թեմայով է։

14 օր է՝  Ալեքսանդր Քանանյանը իր տանը հացադուլ է անում ։  Նա այս կերպ իր բողոքն է հայտնում է Քարվաճառում իրականցվող հէկաշինության դեմ։  Այն, ըստ Քանանյանի, սպառնում է անապատացնել բնությունը

 «Փոքր հէկաշինությունը առհասարակ անպատկերացնելի է գլխավոր գետերի վրա, բայց այստեղ նրանք ոչ միայն գլխավոր գետերը  ամբողջությամբ, տասնյակ կիլոմետրերով թաղում են իրար անմիջապես հաջորդող հէկերի մեջ, այլև համարյա միշտ կուլ են տալիս նաև  բոլոր օժանդակ վտակները, արդյունքում տասնյակ, նույնիսկ հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր դատապարտվում են դանդաղ անապատականացման։ Օրինակ՝ Քարվաճառի շրջանի ամբողջ Լև գետի ավազանը ջրազրկված է»։

Այս իրավիճակը Քարվաճառում նոր չէ Ալեքսանդր Քանանյանը խնդիրը միշտ է բարձրաձայնել, բայց արդյունքի հասնել չի կարողացել, այս անգամ ծայրահեղ այս քայլին է դիմել, քանի որ Հայաստանում  2018 թվականի թավշյա հեղափոխությունը իրավիճակ չփոխեց Արցախում այս առումով։

 «Արցախի քրեական օլիգարխիան, շատ ավելի լրջորեն մտահոգվելով իր քաղաքական վախճանի հեռանկարով, սկսել է առավելագույն մոլեգնությամբ օգտվել իրեն ընծայված այս տարիներից, այսինքն՝ մինչև այսպես կոչված նախագահական և խորհրդարանական ընտրություններ,  և հէկաշինության աղետը, որը արդեն կործանել է Քաշաթաղի հյուսիսի երկու ձորերը, Լև գետի ձորը, իր ավերիչ մուտքն է գործել նաև Թարթառ գետի վերանհովիտ, որտեղ գտնվում է Քարվաճառը, և հարակից գյուղերը»։

Ալեքսանդր  Քանանյանը պնդում է՝ Արցախում իրականցվող հէկաշինությունը ոչ միայն սկզբունքորեն խախտում է օրենսդրությունը, այլ նաև փաստաթղթավորված չէ։ Ասում է , որ  այդ հէկերը կառուցում են Արցախում և Հայաստանում հայտնի շատ օլիգարխներ, ընդ որում՝ նախկինում դա արվել է պետական միջոցների մսխմամբ

 «Անգամ եթե ինչ-որ մի փոքր հէկ ինչ-որ մի տեղում կարող է փոքր վնաս հասցնել բնությանը , երբ դու 30-35 կիլոմետրի վրա  կառուցում ես 11 հէկ, ընդ որում նաև խմելու ջրի աղբյուրների վրա, ապա սա այլ կերպ, քան հակապետական հանցագործություն դժվար է անվանել»։

Քարվաճառի բնակիչների մեծ մասը սատարում է Ալեքսանդր Քանայանին։ Համենայնդեպս, վստահեցնում էին բոլոր նրանք, ում դուռը թակեցինք։

Տիկին Ալմաստը 2003 թվականից ընտանիքով բնակվում է  Քավաճառում ։ Ինքն էլ է անհանգստացած Արցախում տեղի ունեցող հեկ-երի շինարարությամբ։

 «Ամեն ինչ՝ թե՛ բնությունը, թե՛ ջուրը վերացնում են, քանի, որ մենք այստեղ ապրում ենք ավելի բարգավաճելու համար, իրենք վերացնում են այս գեղեցիկ տարածքը, խորտակում են երեխաների ապագան»։ 

Քարվաճառի արդեն 20 տարվա բնակիչ տիկին Սոնյան նշում է՝ Շահումյանի մի շարք հայմայնքներում խմելու ջրի խնդիր կա, ասում է՝ ջուրը փող դարձնելու և  գրպանները լցնելու փոխարեն կարող են այդ խնդիրը լուծել

«Պատկերացրեք Դադիվանքում բազմանդամ ընտանիք կա, երեխան շշով ջուրը դրել է վերմակի տակ, քույրը ասել է՝ տուր մի քիչ էլ ես խմեմ, ասել է, բա որ տամ քեզ, ես ինչ խմեմ»։

Անհանգստացած են նաեւ քարվաճառցի դպրոցականները։  Նրանք օրեր առաջ անգամ դասադուլով իրենց զորակցությունն են հայտնել Ալեքսանդր Քանանյանին։ Նրանք ուզում են ապրել  կանաչ, ջրառատ Քարվաճառում։

 «Եթե շրջեք մոտակայքով, գետերի կողքով, կտեսնեք, որ գետ չկա, գետի տեղը հաստ խողովակներ են, դրանց միջով է ջուրը գնում, մի քանի տարի հետո եթե ես ապրեմ Քարվաճառում, չի լինելու ջուր, չենք կարողանալու մշակել այգիներ ու դրա համար մենք որոշեցինք դասադուլ անել, բայց պատրաստ ենք ավելի կտրուկ քայլերի»,- պատմում է 15-ամյա Լիննա Մկրտչյանը։

Տասներկուերորդ դասարանցի Նվեր Ազարյանն էլ ասում է․

 «ՀէԿ-երի շինարարությունը  ուղղակիորեն ազդում է ամբողջ Արցախ աշխարհի վրա, գետ ուղղակի չկա, գետի ձայնը լսելու փոխարեն մենք տեսնում ենք խողովակ։ Դա մեզ անհանգստացնում է, արդեն կա աշխատող մի քանի հէկ, և արդեն անթույլատրելի է»։ 

Արցախի Հանրապետության կառավարությունն այսօր  արձագանքել է Ալեքսանդր Քանանյանի հացադուլին՝ վստահեցնելով, որ աշխատում են սեղմ ժամկետում մասնագիտական, անկախ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Այն ուսումնասիրելու է փոքր ՀԵԿ-երի  հետ կապված իրավիճակը։ Ներկա պահին ՀԷԿ-աշինական բոլոր աշխատանքները դադարեցված են, և ինչպես հայտարարվել է ավելի վաղ, աշխատանքները չեն վերսկսվի՝ մինչև մասնագիտական հանձնաժողովի համապատասխան եզրակացություն ստանալը:  

ԱՀ կառավարությունն այսօր եւս  մեկ անգամ կոչ է արել Ալեքսանդր Քանանյանին և   Ստեփանակերտում նրան միացած Մհեր Պողոսյանին՝ դադարեցնել հացադուլը, չվտանգել առողջությունը և գործուն մասնակցություն ունենալ ձևավորվող հանձնաժողովի աշխատանքներին:

Ալեքսանդր Քանանյանը չի բացառում, որ ինքը հացադուլը կդադարեցնի կառավարության քայլերից հետո, բայց եթե նմանօրինակ գործելակերպը  շարունակվի, ստիպված մեկ այլ քայլի կդիմի։

«Այս դեպքում ես ստիպված կլինեմ անել հանրային դիմադրության կոչ և խնդրել ՀՀ բոլոր քաղաքացիներին ստանձնել պատասխանատվության իրենց բաժինը և տեր լինել խնդրի հանգուցալուծմանը»,-նշեց նա։