Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլի գնաճ

Տնտեսություն

2010թ. հունվարին 2009թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.7% գնաճ:

Այս են փաստում այսօր հրապարակված ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2010թ. հունվարին» զեկույցի արդյունքները: Վիճակագիրներն այդ պայմանավորում են հիմնականում պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխություններով:
Ըստ հրապարակման` 2010թ. հունվարին 2009թ. դեկտեմբերի համեմատ պարենային ապրանքների գներն աճել են 3.6%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում եւ ծառայությունների ոլորտում գրանցվել է գների եւ սակագների 0.1 % նվազում:

«Ա1+»-ի դիտարկումները ցույց են տվել, որ թանկացել են կարագը, միսը, բանջարեղենը եւ այլն: Օրինակ, տավարի միսը մինչեւ ամանոր եւ հենց ամանորին արժեր 1700-1800 դրամ, մինչդեռ հիմա 1900դրամից էժան միս չես գտնի: Կարագը, որը արժեր 1 կգ-ը 1800 դրամ, հիմա 2200 դրամ է դարձել:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն էլ հաստատում է, որ պարենային ապրանքների 3.6% գնաճի մեջ իր անմիջական ազդեցությունն է թողել մսամթերքի, ձկնամթերքի, մրգի, բանջարեղենի 3.2-26.0% գնաճը: Օրինակ`մսամթերքի ապրանքախմբում 2010թ. հունվարին 2009թ. հունվարի համեմատ գրանցվել է 5.9%, իսկ 2009թ. դեկտեմբերի համեմատ` 3.2% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է հանրապետությունում տավարի եւ ոչխարի մսի` համապատասխանաբար 6.9% եւ 8.3% թանկացմամբ: Խոզի մսի գինը նշված ժամանակահատվածում նվազել է 0.5%-ով:


Ըստ զեկույցի` 2010թ. հունվարին 2009թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.1% գնանկում: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է բենզինի, դիզելային վառելիքի` համապատասխանաբար 2.1% եւ 0.1% գնանկում: 2010թ. հունվարին 2009թ. հունվարի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 39.8% եւ 25.2%-ով, իսկ 2005թ. համեմատ` 9.9% եւ 17.7%-ով:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2010թ. հունվարին 2009թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 0.1% նվազում, ինչը հիմնականում մշակույթի ոլորտի եւ տրանսպորտի ծառայությունների սակագների` համապատասխանաբար 2.2% եւ 1.4% գնանկման արդյունք է: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է կենցաղային բնույթի 0.4%, հանրային սննդի 2.0%, հանգստի կազմակերպման 3.5% ծառայությունների սակագների հավելաճ, իսկ բնակարանային-կոմունալ, բուժսպասարկման, կապի, կրթության համակարգի, իրավական ու բանկային ծառայությունների սակագները նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ: