Սուքիասյանները դեռ հավատում են
Աջակցիր «Ա1+»-ին«Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունները եւս մեկ անգամ փաստեցին իշխանությունների կողմից Սուքիասյանների ընտանիքի նկատմամբ ունեցած «հատուկ» վերաբերմունքի մասին». Նման եզրահանգման են եկել «Սիլ Կոնցեռնի» լրատվական եւ իրավաբանական ծառայությունները: Ըստ նրանց, իշխանությունները սնանկության վարույթում գտնվող «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ հասցրեցին իրենց ուզած հանգրվանին:
Խոսքը 2009թ. դեկտեմբերի 25-ին ընկերությանը պատկանող անշարժ, շարժական գույքը, հանքային իրավունքների եւ այլ գույքային իրավունքների, «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ՓԲԸ վաճառելու մասին է: Ըստ նրանց, այս անգամ եւս վաճառքը իրականացրվել է օրենսդրական լուրջ խախտումներով, որոնք միանշանակորեն թույլ են տալիս փաստելու, որ կնքված գործարքն անվավեր է:
Ընկերությունը թվարկում է իշխանության կողմից թույլ տրված 9 կոպիտ խախտումներ: Օրինակ` այն, որ ընկերությանը անօրինական եւ անհիմն կերպով պարտադրել են վճարել ավելի քան 4 մլրդ. ՀՀ դրամ իբր բնօգտագործման վճարի գծով թույլ տված խախտումների համար` հաշվարկի մեջ մտցնելով գետը հոսած հանքային ջրի ամբողջ ծավալը` տույժերով հանդերձ:
Կամ ասենք ընկերության գույքն օրենքի խախտումներով դրվել է աճուրդի եւ 2009թ. փետրվարին վաճառվել «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ՓԲԸ-ին, իսկ վերջինս էլ իբր կանխիկ վճարել է ավելի քան 4 մլրդ. ՀՀ դրամ` խախտելով գործող նորմերի պահանջները այդ գործարքն անկանխիկ կատարելու վերաբերյալ:
Խախտումներից մեկն էլ այն է, որ սնանկության գործընթացում Ընկերության տնօրենին եւ բաժնետերերին արհեստականորեն դուրս են մղել Ընկերությունից` նրանց օրինական վերահսկողությունից փաստացի զրկելով: Դա կատարվել է Ընկերության տնօրենին անօրինական կերպով հեռացնելու (այդպիսի իրավունք կառավարիչը չունի) եւ պարտատեր-Սուքիասյաններին առաջին ժողովին չթույլատրելու միջոցով:
««Սիլ Կոնցեռնը» առավել քան վստահ է, որ կգա ժամանակը, կվերադարձվի ընկերության գույքը իրական տիրոջը` վերջինիս կրած վնասների փոխհատուցումով հանդերձ, որովհետեւ գույքը սեփականատիրոջից վերցված է ապօրինի ճանապարհով, ոստիկանության, դատախազության, ԴԱՀԿ-ի, բնապահպանության ու հարկային մարմինների ճնշումների, ապօրինի ակտերի եւ խոշտանգումների միջոցով»,-ասված է հայտարարության մեջ: